Ճիշտ է՝ էսօր քաղաքական իրադարձությունները մի քիչ երկրորդ պլան են մղել 27 տարվա վաղեմություն ունեցող ողբերգական իրադարձությունը, բայց մի փոքր անդրադառնամ էդ թեմային: Կարծում եմ՝ 88-ի երկրաշարժի գլխավոր դասը մինչև այսօր հանրությունն այդպես էլ չի սերտել, դա աղետների ժամանակ քաղապաշտպանության կարևորությունն է: 88-ի երկրաշարժի զոհերի և վիրավորների ահռելի թիվը պայմանավորված էր ոչ միայն սովետական անորակ շինարարությամբ, այլև քաղաքպաշտպանության մասին մարդկանց գերակշիռ մասի բացարձակ անտեղյակությամբ: Երկրաշարժի պահին իմ սերնդի ներկայացուցիչները, ովքեր դեռ դպրոցահասակ էին և ովքեր թերևս ամենաշատն իրենց մաշկի վրա զգացին փլատակների տակի սարսափը, լավ կհիշեն, թե ինչպես երկրաշարժի առաջին իսկ ցնցման ժամանակ դպրոցների մանկավարժական կազմն անմիջապես սկսեց ոչ թե երեխաների տարհանմամբ զբաղվել, այլ հորդորեց մնալ դասասենյակներում՝ առանց որևէ ցուցումներ տալու, թե ինչպես իրենց պահեն երեխաները ցնցումների ժամանակ: Շատ տեղերում երեխաներն ուղղակի մնացին փլվող դպրոցներում, որովհետև նրանց արգելեցին դուրս գալ ոչ միայն դասասենյակներից, այլև ընդհանրապես դպրոցից: Աղետից անցել է 27 տարի, բայց այդպես էլ դպրոցներում քաղպաշտպանության հարցն ուսումնական ծրագրերում գլխավորը չի դարձել և այդ հարցին կրկին այսպես ասած մատների արանքով են նայում: Գուցե որոշ քայլեր արվել են կամ հիմա էլ արվում են այդ ուղղությամբ, բայց իմ կարծիքով դա դեռ տեսանելի և հետևաբար նաև բավարար չէ: Այսօր դպրոցներում ազգային պարն ու շախմատն ավելի կարևոր են համարվում, քան քաղաքացիական պաշտպանությունը: Մինչդեռ ինձ թվում է՝ քաղպաշտպանությունն ահեղ երկրաշարժ տեսած և ոչ սեյսմակայուն ահռելի քանակությամբ շենքեր ունեցող երկրում պետք է առաջինային լինի, ամենագլխավորներից մեկը պիտի լինի, հատկապես կրթական օջախներում, որտեղ երեխաներն անհամեմատ ավելի շատ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել