Կարծում եմ՝ դեկտեմբերի 6-ը հայ ժողովրդի արժեքային ծիսադաշտում տեղ կզբաղեցնի «Ամոթի օր» (ավելի լավ՝ «անամոթության օր», բայց սա անամոթության թողտվություն է) անվամբ: «Ամոթի օրվա» պարբերականացումը կհստակեցնի անամոթության դրսևորումներն ու մեր արժեհամակարգի հետ անամոթության անթույլատրելիությունը: Ամոթն անձի և հասարակության հարաբերությունների կարևոր կարգավորիչ նորմերից է, բայց մեր հասարակություն թափանցած չարիքները զգալիորեն անտեսանելի են դարձրել ամոթի և անամոթության սահմանը: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած անամոթությունների շարքից են սուտը, կեղծիքը, կաշառքը, գռեհիկ ֆիզիկական ուժի կիրառումը, վախեցնելը, վիրավորելը, բարոյականության գողությունը, հասարակության վստահության կողոպուտը, մարդկային ռեսուրսի թալանը, իշխանության ուզուրպացիան, և այս ամենը՝ անամոթության թողտվությամբ: Դեկտեմբերի 6-ն «Ամոթի օր» հայտարարելով և ծիսականացնելով՝ մենք պատերազմ ենք հայտարարում անամոթությանը: Ծիսականացումը շատ հեշտ է՝ բավական է հանրայնորեն կրկնել այն տեսարանները, որ արձանագրել են մեր արժանավոր դիտորդները, լրագրողներն ու հանձնաժողովի արժանավոր ներկայացուցիչները երեկվա պաշտոնական թատերական ներկայացումներին: Այդ թվում՝ Մուկուչյանի գրասենյակից պարբերաբար հաղորդվող անամոթ «ամփոփումները»՝ գլխիկոր և ամոթահար ձայնով: Բավական էր երբեմն-երբեմն տեսնել այդ ամփոփումները ներկայացնողների՝ անհաստատ ձայնի հետևում թաքնվող հաղորդավարների շփոթահար դեմքերն ու թաքցվող աչքերը: Լավագույն ծեսն իրականության ներկայացումն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/573684742783806
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել