4924Ժամանակն է մի կողմ դնել սառը պատերազմի մտածողությունն ու դադարել լինել դաշնակիցների ընտրության հարցում այդքան քմահաճ, եթե ցանկանում ենք հաղթել ԴԱԻՇ-ին։ Այս մասին գրում է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը The Telegraph-ի համար իր սյունակում։
Նա նշում է, որ իր ձայնը Սիրիայում ավիահարվածներ սկսելու վերաբերյալ ամենևին չի նշանակում, որ ինքը կողմ է պատերազմին ու անմեղ քաղաքացիների սպանությանը։ Նրա կարծիքով՝ բրիտանական ռազմական գործողությունը հակառակը՝ կփրկի տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց։
Սակայն Բրիտանիայի ռմբակոծումները պատշաճ արդյունք չեն տա, դրա համար անհրաժեշտ է մտածել հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման մասին, որն անհնար է առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու սիրիական բանակի աջակցության՝ գրում է Ջոնսոնը։ Նա ընդգծում է, որ Պուտինի երկրպագուն չէ և նրան համարում է բռնապետ, սակայն հավելում է, որ այն, ինչ լավ է Պուտինի համար, ամենևին պարտադիր չէ, որ վատ լինի Արևմուտքի համար։
Ջոնսոնի կարծիքով՝ Արևմուտքը միաժամանակ փորձում է և՛ չեզոքացնել ահաբեկիչներին, և՛ թույլ չտալ Պուտինի իշխանության ամրապնդում։ Երկու նապաստակ հետապնդելով՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան ենթարկվում են ձեռնունայն մնալու ռիսկին՝ գրում է Լոնդոնի քաղաքապետը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել