Անթալիայում (Թուրքիա) շարունակվում է նոյեմբերի 30-ին մեկնարկած 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով կանանց թենիսի «GD TENNIS WOMEN՛S 10000$» անվանումով մրցաշարը։
Ստուգատեսում շարունակում է վերելքով հանդես գալիս ՀՀ թիվ 1 ռակետ, ՀՀ բազմակի չեմպիոնուհի, 22-ամյա Անի Ամիրաղյանը։ Ներկայումս WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում 854-րդ տեղում ընթացող Անին երեկ մեկ անգամ ևս ապացուցեց իր առաջնակարգ թենսիստուհի լինելու փաստը։ Նա 2 ժամ 9 րոպե տևած քառորդ եզրափակչի գերլարված ու դրամատիկ մրցամարտում վրացուհի Սոֆյա Կվացաբայային, ով հիմա WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում 384-րդ հորիզոնականն է զբաղեցնում, կարողացավ համառ ջանքերի գնով ու կամային փայլուն պատրաստականության շնորհիվ 3։6, 6։2, 7։6 (5) հաշվով հաղթել ու պայքարից դուրս մղել։ Այս արժեքավոր և կարևոր հաղթանակը ՀՀ թիվ 1 ռակետին ոչ միայն վարկանիշային 4 միավոր բերեց, այլ նաև թույլ կտա հաջորդ երկուշաբթի դասակարգման ցուցակում թռիչքային ձևով առաջադիմելու 88 տեղով ու զբաղեցնելու արդեն 766-րդ հորիզոնականը։
Կիսաեզրափակչում Անիի մրցակիցը կլինի դասակարգման ցուցակում հիմա 977-րդ տեղում ընթացող 20-ամյա ավստրուհի Մարլիես Զուպպերը, ով երեկ քառորդ եզրափակչում 6։3, 4։6, 6։0 հաշվով սենսացիոն հաղթանակ տոնեց 28-ամյա բուլղարուհի Դիա Եվտիմովայի նկատմամբ։ Վերջինս վարկանիշային ցուցակում ներկայումս 357-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
Մենախաղի կիսաեզրափակչի մյուս զույգը են կազմել 26-ամյա ռուսաստանցի Ալիսա Կլեյբանովան և 24-ամյա վրացուհի Եկատերին Գորգոձեն։ Ի դեպ, ռուսաստանցի ճանաչված թենիսիստուհի Կլեյբանովան, ով բոլորովին վերջերս է վերականգնվել լուրջ վնասվածքից, պայքարը սկսելով որակավորման փուլից այստեղ՝ Անթալիայում վերջին 2 շաբաթներին հասցրել է միջազգային 2 մրցաշարի մասնակցել ու երկուսում էլ մենախաղի հաղթող է ճանաչվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել