Լոռու մարզի դատախազը կոնկրետ գործով՝ Վանաձորի քաղաքապետի դեմ ներկայացված հաղորդման, լրագրողիս հարցերին պատասխանելու համար հստակ օր է նշանակում, վերցնում հեռախոսահամարս՝ անձամբ կանչելու հարցազրույցի, երկու օր անց հրաժարվում է հանդիպել՝ փոխանցելով գլխավոր դատախազության մամլո խոսնակի հեռախոսահամարը: Այդ հեռախոսահամարը ես շատ լավ գիտեմ, այդ տարբերակով տեղեկատվություն ստանալուն նույնպես քաջածանոթ եմ, հարց է առաջանում՝ իսկ ինքը մարզի դատախազը նո՞ր միայն իմացավ տեղեկատվության տրամադրման կարգի մասին, թե՞ ժամանակ ձգելու շաբլոն մեթոդն է բանեցնում: Եթե հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել լրագրողի և պետական պաշտոնյայի միջև, առնվազն պետք է կայանա, դեռ հարցազրույց տալն էլ մի կողմ:
Ճիշտ չեն պահում իրենց մեր բարձրաստիճան պաշտոնյաները:

Բայց սա էլ դեռ ամենը չէ: Գլխավոր դատախազությունից մեզ հայտնում են, որ քաղաքապետի դեմ հաղորդման վերաբերյալ նյութերը ոստիկանությունում են, այնինչ դեռ չորս օր առաջ դրանք դատախազություն են ուղարկվել, և այսօր օրենքով սահմանված կարգով պետք է որոշում կայացվի՝ ի վերջո գործ հարուցվում է, թե՝ մերժվում: Ոստիկանությունը տեղյակ չէ, գլխավոր դատախազությունը տեղյակ չէ, մարզի դատախազությունը չի շփվում լրագրողների հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել