Այն, ինչ կազմակերպել և իրականացնում է սահմանադրական հանրաքվեից մեկ շաբաթ առաջ «Նոր Հայաստան» շարժումը, ընդհանրապես որևէ կապ չունի սահմանադրական հանրաքվեի հետ: Բանն այն է, որ քաղաքական կազմակերպությունների կողմից նման շարժման անցկացումն իմաստ կունենար այն դեպքում, երբ արդեն հայտնի լինեին հանրաքվեի արդյունքները, և դրանք չգոհացնեին քաղաքական և հասարակական որոշ կազմակերպություններին: Հակառակ պարագայում ստացվում է, որ այսօր Ազատության հրապարակում հավաքված ուժերն արդեն գիտեն հանրաքվեի արդյունքները, և դրանք չեն գոհացնում իրենց:
Արդյո՞ք ամբողջ հանրահավաքը, կոչերն ու կարգախոսները չեն իմաստազրկվի, եթե հանրաքվեի արդյունքներով հանրությունը մերժի սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Մեկ այլ խնդիր կապված է հարթակից հնչող ելույթների բովանդակությանը: Որքանո՞վ է տրամաբանական դեռ տեղի չունեցած սահմանադրական հանրաքվեն դարձնել առիթ նախագահին կամ առհասարակ իշխանություններին անվստահություն հայտնելու և նրանց հեռացնելու կոչեր անելու համար: Իրականում «Նոր Հայաստան» շարժման մասնակիցները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ներկայացնում են հանրությանը որպես նախագահական արտահերթ ընտրություններ, որոնցով իբր լուծվում է գործող իշխանության՝ օր առաջ վերարտադրվելու հարցը: Մինչդեռ իրականությունն այն է, որ սահմանադրությունը, ո՛չ գործողը, ո՛չ էլ նախագիծը, չի տեղավորվում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում, քանի որ այն ոչ միայն քաղաքական, այլև իրավական և առհասարակ ավելի լայն՝ սոցիալական կյանքին վերաբերող փաստաթուղթ է, որի համար իշխանություն-ընդդիմություն հարաբերությունն ընդամենը մասնավոր դեպք է: Այնպես որ, արդարացված չէ սահմանադրական փոփոխությունները որպես իշխանության կամ ընդդիմության ընտրություն ներկայացնելը:
Եվ երրորդ հանգամանքը, որն արդեն պետք է ավելի շատ մտահոգի հանրությանը, քանի որ ուղղված է հենց իրեն: «Նոր Հայաստան» շարժումն այսօր կարող էր շատ ավելի արդյունավետ և ադեկվատ ընկալվել, եթե ոչ թե կազմակերպեր հանրահավաք և սպառնալիքներ հնչեցներ իշխանություններին (թեև բաց է մնում այն հարցը, թե ում ձեռքերով են ելույթ ունեցողները պատրաստվում իրականացնել այդ սպառնալիքները, եթե ոչ շարքային քաղաքացիների), այլ ճիշտ օգտագործեր մինչև հանրաքվե մնացած ժամանակը և ներկայացներ հանրությանը բոլոր այն սպառնալիքները և առհասարակ բացասական երևույթները, որ իրենց տեսել են սահմանադրության նախագծում: Մինչ օրս հնչած ամենատարածված և ամենասխալ ընկալված դրույթն այն է, որ իշխանությունը սահմանադրական փոփոխություններով ստեղծում է վերարտադրվելու նոր ու հեշտ մեխանիզմ, և դրա պատճառով պետք է մերժել փոփոխությունների ամբողջ փաթեթը: Նույնիսկ եթե այդպես է, ո՞ւր մնացին մյուս փոփոխությունների մասին քննարկումները: Իսկ եթե մյուս բոլոր փոփոխությունները դրական են, ապա այդ դեպքո՞ւմ էլ է պետք մերժել: Այս կարևոր հարցի պատասխանը «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները կամ չունեն, կամ չեն ասել:
Ի վերջո, հանրությունը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ իր վերաբերմունքը հայտնելու հնարավորություն ունի, և այդ հնարավորությունը հանրաքվեն է: Մինչև դրա անցկացումը նպատակահարմար է իրականացնել քննարկումներ և ճանաչողական այլ միջոցառումներ, և վաղաժամ ու անտեղի է բորբոքել հանրային կրքեր և հեղաշրջման կոչեր անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել