Բոլորի Պահապան Հրեշտակները կարգին Հրեշտակներ են: Իմ Պահապան Հրեշտակը մի հաստավիզ անկյալ է, որ ոչինչ չի անում:
Ոչ մի անգամ չի երևացել աչքիս, բայց իր գոյությունը միշտ ցույց է տալիս:
Հաճախ էլ առանց ինձ տեղյակ պահելու գնում է արձակուրդ:
Գլուխը` քարը: Գնում է, թո´ղ գնա: Բայց իմ հույսերից ու գաղափարներից անպայման վերցնում է ինչ-որ բան, խցկում իր հնամաշ, քրքրված պայուսակը ու տանում:
Վերադառնում է անսպասելիորեն՝ հանգստացած, կազդուրված, հիվանդագին երևակայություններով ու անցնում է գործի:
Սկզբից փորձում է պարզել, թե ինչեր եմ արել առանց իրեն: Հետո իր կոպիտ ձեռքը թափ է տալիս օդում ու նորից, առանց իմ համաձայնության սկսում իր` ինձ հավասար` ներկայությունն իմ կյանքում:
* * *
Ձյուն է գալիս:
Արդեն երկրորդ օրն է:
Ինչպե՞ս եմ հասնելու այս սառած ճանապարհներով:
Մի՞գուցե զանգեմ…
- Կարե´ն, ողջո´ւյն: Կարո՞ղ ես ինքդ գալ, ճանապարհներն ամբողջովին սառած են: Իհարկե՛, կարոտել եմ: Կսպասես հարևան շենքի մոտ, բակ չմտնես: Համբուրում եմ:
Խոհանոցում էր ու չլսեց, թե ինչպես բացվեց դուռը:
- Լիլի՞թ, տա՞նն ես: Սոված եմ, արագացրո´ւ:
Արդեն երեք տարի է` նույն սցենարն է` «Սոված եմ, արագացրո´ւ», «Ֆուտբոլ եմ նայելու, չխանգարե´ս», «Ինչպես ուզում ես, այնպես էլ արա´», «Երեխա՞, դեռ շուտ է, ինչպե՞ս ենք պահելու», «Հիվանդ ես, գնա´ մորդ տուն»…
- Լվացվի´ր, հիմա բերում եմ: Կամ գուցե խոհանոցո՞ւմ Ճաշենք:
- Ինչպես ուզում ես, միևնույնն է:
Ճաշից հետո` ափսեները լվանալիս, երբ ամուսինը վառեց ծխախոտը , Լիլիթը սկսեց խոսակցությունը.
- Մայրս վատառողջ է: Պետք է մի երկու օրով գնամ: Ճաշ կա սառնարանում: Կդիմանա՞ս առանց ինձ:
- Գնա´, ինչպես կուզես: Բայց ճանապարհները…
- Ոչի´նչ, մի կերպ կհասնեմ: Կարևորը դու ես:
Քմծիծաղն ամուսնուն ոչինչ չասաց:
* * *
Շենքի մուտքից դուրս թռավ գլխաբաց: Մազերը սառը քամուն ու ձյանը հանձնած` վազեց դեպի հարևան շենքը:
Կարենը դուրս թռավ մեքենայից ու ձեռքերը պարզած` վազեց ընդառաջ:
Գրկախառնվեցին: Մի քանի րոպե անշարժ նայում էին իրար, հետո ժպտացին ներկա անհավանականությունից:
Միաժամանակ գլուխները թափ տվեցին ձյունից ազատվելու համար ու նստեցին մեքենան:
* * *
Քանի դեռ Կարենը խոհանոցում սուրճ էր պատրաստում` քթի տակ ինչ-որ մեղեդի երգելով, Լիլիթը սկսեց ուշադիր նայել միջանցքի պատերին կախված նկարները:
Քանի-քանի անգամ էր տեսել, բայց էլի հետաքրքիր էր:
Խոհանոցից լսվեց Կարենի ձայնը.
- Ամուսնուդ ի՞նչ ասացիր, որ կարողացար դուրս գալ տանից:
- Ասացի մի երկու օրով գնում եմ գյուղ` մորս մոտ: Ասացի` վատառողջ է: Կինդ էլ այդպես քեզ է ասել, չէ՞, որ գնացել է Նոր տարվա այս օրերին:
- Դե, նրա մայրն իրոք հիվանդ է, այնպես որ….
- Դե, լա´վ, վերջացրո´ւ, ինչպես իմն է հիվանդ, այնպես էլ` նրանը,- քթի տակ ասաց Լիլիթն ու մտավ հյուրասենյակ:
Հյուրասենյակում` բազկաթոռին նստած էր մի կին ու նայում էր պատուհանից դուրս:
Լիլիթին թվաց, որ տասը-տասնհիգ րոպե անցավ, մինչև ուշքի եկավ:
Կինը շարունակում էր նստած մնալ ու գլուխը չշրջեց նրա քայլերի ձայնից:
Հազիվ էր ուշքի եկել, երբ հասկացավ, որ կինը շատ-շատ` ինչպես ջրի երկու կաթիլ նման է իրեն:
Լիլիթին թվաց, թե ուղիղ կանգնած է հայելու դիմաց, բայց չգիտես ինչու` տեսնում է միայն սեփական կիսադեմը:
Երևի զգալով Լիլիթի հարցական ու վախեցած հայացքը` անծանոթուհին շրջվեց դեպի Լիլիթը:
Նրանց աչքերը հանդիպեցին:
Լիլիթի դեմքը սկսեց այրվել բարկությունից:
Անծանոթուհին զարմանքով հոնքերը բարձրացրեց, ու հայացքն արտահայտում էր տեսիլք տեսնելու վախ:
* * *
Ներս մտավ Կարենը` սկուտեղը ձեռքին:
- Ի՞նչ եղավ, Լիլի´թ, առաջին անգա՞մ ես իմ տանը:
- Միգուցե ծանոթացնե՞ս մեզ, - ձեռքով ցույց տվեց բազկաթոռը:
- Լավն է, չէ՞: Ասես քո կրկնօրինակը լինի: Ամանորի` քո նվերն է: Կարենը մոտեցավ, բազկաթոռից բարձրացրեց գեղեցիկ տիկնիկին ու մեկնեց Լիլիթին.
- Երբ խանութում տեսա, հասկացա, որ շատ լավ նվեր կլինի քեզ համար: Իսկ վարդակակաչները խոհանոցում են… Պատկերացնո՞ւմ ես, ձմռանը` վարդակակաչներ…
- Ես ննջարանում եմ միշտ դնում:
Տիկնիկը սեղմած կրծքին` Լիլիթը նայում էր դատարկ բազկաթոռին:
* * *
Սուրճ խմելիս Լիլիթն անընդհատ նայում էր բազկաթոռի կողմը, որտեղ տիկնիկն էր:
Կարենն ինչ- որ բան էր պատմում, տալիս հարցեր, որոնց գլխով պատասխանում էր` առանց հասկանալու:
Հետո զգաց Կարենի ձեռքը շրջազգեստի տակ, զգաց շուրթերին նրբորեն հպվող` նրա բեղերը:
Պե´տք է, որ մոռանար ամենն, ինչ աչքին երևացել էր, բայց չէր ստացվում:
- Երկու օր մերն է, չէ՞, Լիլիթ: Քնելու ժամանակն է….
-Այո, ցնցուղ ընդունեմ….
* * *
Երբ դուրս եկավ լողասենյակից`սպիտակ խալաթը հագին, Կարենն արդեն պառկել էր:
Զգույշ մոտեցավ հյուրասենյակի դռանն ու ներս նայեց:
Տիկնիկը, բազկաթոռի մեջ էր, դեմքով` դեպի պատուհանը::
Մտավ ննջարան:
- Ի~նչ գեղեցիկն ես խալաթով, Լիլի´թ: Գիտե՞ս ինչու եմ քեզ սիրում:
Լիլիթը մտավ անկողին:
- Ինչո՞ւ, որովհետև կնոջդ չես սիրում: Քանի որ քեզնից ութ տարով մեծ է, մեծահարուստի քույր է …
Կարենը համբույրով լռեցրեց նրան:
Անշտապ ճանապարհորդության դուրս եկած Կարենի ձեռքերը սկսեցին շարժվել` ամեն մի շարժման հետ մի ջերմ ալիք ներարկելով մարմնին:
Մոռացած ամեն ինչ` Լիլիթը զգաց, որ իր մեջ բարձրանում է ցանկությունների հավերժական հոսքը` պարուրելով գիտակցությունն ու ապագայի հույսերը:
Այսօր ոչինչ սովորականի նման չէր` ո´չ ձեռքերի հպվելը, ո´չ գրկախառնություննները, ո´չ մարմինների անհավանական ձգտումն իրար: Կարծես ամեն մեկն առանձին-առանձին դարձել էր հակառակ սեռի ցանկությունների տերն ու տիրուհին:
Իրար ընդառաջ էին գնում Նա և Նա` ունենալով ԱՅՍՕՐ: Իսկ եթե ունես ԱՅՍՕՐ, կունենաս Վաղը, բայց, ա´յ ,ԱՊԱԳԱ … Ո՞վ գիտե` կունենա՞ս, թե ոչ:
Հանդիպումն ընդամենը քառասունութ ժամ էր ու կանցներ, ինչպես քառասունութ վայրկյան:
Ապագան կարող էր լինել վաթսուն, ութսուն կամ չգիտես, թե քանի ժամ հետո:
Կար ԱՅՍՕՐԸ, կար զգացմունքը, կար կիրքը, ու այդ ամենը, լցվելով մարմինների մեջ, վերացնում էր ամեն ինչ:
Անկողնուն ասես լիալուսնի ամբողջական արտացոլումն էր` փոքրիկ պարզ լճի վրա:Նրանց շուրթերին առավոտյան ցողի թարմ կաթիլներ էին: Երջանիկ էին` դառնալով բնության անքակտելի մի մասնիկը:
Երջանի՞կ:
* * *
Մի անգամ մի Իմաստուն աշակերտների ներկայությամբ ապակյա անոթում լցրեց քարի կտորներ: Երբ անոթը լցվեց բերնեբերան, նա հարցրեց աշակերտներին.
- Լցվե՞ց, էլ տեղ չկա՞:
- Չկա´,- պատասխանեցին աշակերտները:
Իմաստունը վերցրեց ավելի մանր քարի կտորներ ու նորից լցրեց անոթի մեջ:
Մանր քարի կտորները լրացրեցին ավելի մեծ կտորներից առաջացած ազատ տարածքները:
Իմաստունը նորից հարցրեց.
- Լցվե՞ց, էլ տեղ չկա՞:
- Չկա´,- պատասխանեցին աշակերտները:
Այնժամ Իմաստունը վերցրեց ու անոթը լրացրեց ավազով:
Ավազահատիկները լցվեցին բոլոր մնացած ազատ տարածությունները:
Իմաստունը շարունակեց.
- Հիմա այս անոթի օրինակով ճանաչեք Ձեր կյանքը: Կարո՞ղ եք:
Աշակերտները չգիտեին ինչ պատասխանել….
…- Քարի մեծ կտորները խորհրդանշում են Ձեր կյանքի կարևոր մասը՝ ընտանիք, սիրելի կողակից, երեխաներ…
Մանր քարերը` աշխատանք, տուն, արտաքին տեսք…
Ավազը`ամենօրյա ունայնությունն է:
Եթե անոթը սկզբից լցնեք ավազով ապա տեղ չի մնա խոշոր և մանր քարերի համար:
Այդպես էլ կյանքն է:
* * *
Կարենը նորածնի պես քնած էր:
Երևի գոհ կյանքից:
Բախտից:
Ունեցածից:
Լիլիթը մերկ մարմնի վրա գցեց խալաթն ու գնաց խոհանոց` ծխելու:
Միջանցքով անցնելիս մի վախվորած հայացք նետեց հյուրասենյակ ու տեսավ բազկաթոռի մեջ նստած տիկնիկին:
Մտավ խոհանոց, բացեց օդանցքը:
Վառեց ծխախոտն ու թիկունքով զգաց ինչ-որ մեկի ներկայությունը:
Վստահ էր, որ Կարենը չէ: Ու չգիտես ինչու` չվախեցավ այս անգամ:
Առանց շրջվելու հարցրեց.
- Դե՞, ի՞նչ կասես:
- Թե ինչո՞ւ եմ քեզ նման:
- Նաև այդ:
- Ես` Դու ես:
- Չհասկացա:
- Ի՞նչ կա չհասկանալո՞ւ: Ես` Դու ես: Հիմա պա՞րզ է:
- Իսկապե՞ս, Դու` Ե՞ս եմ, Ե՞ս` Դու ես: Ծխի´ր,- մեկնեց տուփը:
- Ես չեմ ծխում,- ժպտաց:
- Իսկ ես ծխում եմ, վաղուց: Հիմա ի՞նչ կասես, Դու` Ե՞ս եմ:
- Ես չասացի, որ քո կրկնօրինակն եմ, ասացի, որ Ես` Դու ես: Այն Դու-ն, որին սիրում է Նա:
- Ո՞վ, - Լիլիթը ձեռքը մեկնեց դեպի ննջարանը:
- Ո´չ, մեր ամուսինը, որը քեզ պատկերացնում է ԻՆՁ նման: Ինձ սիրում է, քեզ տանել չի կարողանում:
Լիլիթի ձեռքից ծխախոտն ընկավ:
- Ինչպե՞ս թե, ինչո՞ւ, ինչե՞ր ես դուրս տալիս:
- Ես նրա հետ կարող եմ լինել օրական քսանչորս ժամ: Ընկերացել եմ նույնիսկ նրա Պահապան Հրեշտակի հետ: Մենք երեքով ենք ՄԻՇՏ, իսկ դո՞ւ, խնդրե´մ,- ձեռքով ցույց տվեց դեպի ննջարանը:
- Բայց ես Կարենին սիրում եմ:
- Նա ի´նձ էլ է սիրում, ապացուցե՞մ, - չսպասելով պատասխանի` անձայն վազեց դեպի ննջարանն, ու մինչև Լիլիթը կհասներ իր հետևից,
մտավ անկողին: Կարենը քնի մեջ գրկեց անկողին մտածին:
- Ո~նց եմ սիրում եմ: Ծխելու ժամանա՞կ էիր գտել ,- համբուրեց շուրթերը, հետո գլուխը զգույշ դրեց կրծքին:
- Սիրում եմ համբուրել ուսիդ զույգ խալը, գժվո՜ւմ եմ: Ինչո՞ւ ես հագնված, ե՞րբ հասցրեցիր:
Շրջազգեստից մերկացրեց աջ ուսն ու համբուրեց երկու`կողք-կողքի փոքրիկ խալերը:
Նորից քնեց:
- Ի՞նչ արեցիր, - Լիլիթը երկու ձեռքով բռնած երեսը` ծնկած հատակին` արտասվում էր:
Երևույթը վեր կացավ անկողնուց, ուղղեց շրջազգեստը, արհամարական նայեց Լիլիթին:
- Գիտես ինչո՞ւ քեզ չեն սիրում ո´չ սա, ո´չ էլ ամուսինդ: Չգիտեմ, հասկանա՞ս արդյոք:
Դու չես կարողանում նրանց տալ իրենց ցանկացածը: Որովհետև Դու գաղափար իսկ չունես, թե նրանց ինչ է պետք:
Լիլիթը լուռ վեր կացավ, սկսեց հագնվել ու հավաքել իրերը:
* * *
Ցուրտը կարծես ականջներում ինչ -որ բան էր շշնջում:
Լիլիթի քայլերը հաստատուն էին ու վստահ:
«Բոլորի Պահապան Հրեշտակները կարգին Հրեշտակներ են, իմ Պահապան Հրեշտակը մի հաստավիզ անկյալ է, սրիկայի մեկը:
Ոչ մի անգամ չէր երևացել աչքիս: Ինչո՞ւ այսօր ցույց տվեց իր գոյությունը, չհասկացա: Չնայած շատ բան պարզվեց»:
* * *
Մոտ երկու ժամ հետո` գիշերվա երկուսին կանգնած էր իր դռան առաջ:
Բանալիով զգույշ բացեց դուռը:
«Քնած կլինի, չարթնացնեմ: Կոնյակ ու շոկոլադ եմ գնել: Առավոտյան այլ կերպ կվերաբերոեմ քեզ: Ես հասկացա քեզ, սիրելի´ս, կներես ինձ: Գիտեմ, որ սիրում ես»:
Ննջարանի դուռը կիսաբաց էր:
Ականջին շշնջոցներ հասան, խուլ ծիծաղ, ցածր հազ…
Նայեց ներս:
Մահճակալի կողքը դրված պահարանիկի վրա՝ ծաղկամանի մեջ վարդակակաչների մի փունջ էր:
Իր անկողնում՝ ամուսնու գրկում տեսավ արդեն ծանոթ կնոջը`աջ ուսին երկու փոքրիկ խալերով:
Հետո լսեց ամուսնու ցածր ձայնը.
- Սիրում եմ համբուրել ուսիդ զույգ խալը, գժվո՜ւմ եմ:
Անկարող զսպելու արցունքները` գլխիկոր դուրս եկավ տանից:
Երբ բանալիով փակում էր դուռը, պայուսակում սկսեց զնգալ բջջայինը:
Անհամբեր նայեց զանգող համարին:
Եղբայրն էր:
- Ալո´, այս ժամին ի՞նչ է եղել, Վահա´գ, ինչո՞ւ ես զանգում:
- Լի´լ, լա՞ց ես լինում: Երևի զգացե՞լ ես, հա՞: Կարո՞ղ ես տաքսիով գալ: Մաման շատ վատ է, քեզ է ուզում:
Մի կերպ բռնվեց աստիճանաձողերից:
Հետո կարծես մի ձեռք իր ձեռքը պոկեց աստիճանաձողերից ու ինքը գլորվեց աստիճաններով ներքև:
Երբ բացեց աչքերը աստիճանավանդակում մենակ էր:
Նայեց միջանցքի առաստաղին, փորձեց շարժվել, չկարողացավ:
«Բոլորի Պահապան Հրեշտակները կարգին Հրեշտակներ են, իմ Պահապան Հրեշտակը Պահապան Սատանա է` հաստավիզ մի անկյալ, որ ոչինչ չի անում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել