Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, Զարուհի Բաբայանն իր երգի ստուդիայի հետ, Հայկ Պետրոսյանը, Նիկ Էգիբյանը, Ջուսը, Էմմա Պետրոսյանը, Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնը, «Ամարաս» պարային համույթը, Թինա Քեյի սաները, Լիդուշիկը, Նանուլը, Մեգին, Միկան, Էլինա Չոլախյանը, Սոնա Գյուլխասյանը և այլք երեկ ժպտացող գույներ պարգևեցին հանիսատեսին Արամ Խաչատրյանում կայացած բարեգործական համերգի ժամանակ: BlogNews-ը ներկա է եղել երեկոյին և իր ընթերցողներին է ներկայացնում ամենահետաքրքիր պահերը։

Համերգը կազմակերպել է «Ամկո» փրոդաքշնը` Մշակույթի նախարարության, Հ3 հեռուստաընկերության, «Հայկական վերածնունդ» մշակութային միության աջակցությամբ: Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության երեխաներին։ ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը BlogNews-ին ասաց, որ հովանավորների օգնությունից և տոմսերի վաճառքից գոյացած գումարից 615 հազար դրամը տրամադրվել է ծախսերին, 1 մլն 400 հազար դրամը փոխանցվելու է ՀԿ-ի երեխաներին։ «Շատ փոքր գումար կմնար երեխաներին, եթե չլինեին հովանավորները։ Ի զարմանս ինձ՝ Արամ Խաչատրյան համերգասրահի համար վերցրել էին 520 հազար դրամ (410 հազարը՝ վարձակալության, 50 հազարը՝ նկարահանման թույլտվության, 60 հազարը՝ ձևավորման համար), ինչը, մեղմ ասած, տգեղ է, որովհետև համերգը բարեգործական էր, Մշակույթի նախարարությունն էլ հանդես էր եկել որպես գործընկեր և անհասկանալի է, ինչպես չկարողացան ապահովել դահլիճի՝ անվճար տրամադրումը»,- ասաց Նարինեն։ Նա նշեց, որ 1 մլն 400 հազարը կփոխանցվի հաշվեհամարին և 2016 թվականի փետրվարից կբաշխվի կազմակերպության 160 փոքրիկների միջև. «Յուրաքանչյուրի համար կարվի այն, ինչն այս պահին առաջնային է՝ օրթոպեդիկ կոշիկներ, վերականգնողական բուժում և սարքեր՝ քայլակ, կանգնակ, սայլակ և այլն»։

Երեկոյի ընթացքում հուզիչ էր հատկապես Քրիստինե Պեպելյանի ելույթը։ «Այսօր եկել ենք ոչ միայն երգելու, այլև սովորելու։ Մենք պետք է ասենք՝ շնորհակալ ենք, որովհետև դուք շատ բան եք սովորեցնում։ Գիտեք, ամեն անգամ մարդկանց թվում է, թե փորձությունները շատ են իրենց կյանքում, մենք անգամ ամենահեշտ ճանապարհը չենք կարողանում անցնել, իսկ դուք կարողանում եք անել անհնարինը։ Շնորհակալ ենք, որ սովորեցնում եք մեզ, որ այս կյանքում համբերել և հավատալ է պետք,- արցունքներն աչքերին ասաց նա ու հավելեց,- երբ տեսնում ես տարբեր իրավիճակներ, տարբեր պատմություններ, ինքդ քեզ հարց ես տալիս՝ արդյո՞ք ես կկարողանայի անել սա ու չգիտես՝ կկարողանայիր, թե՝ չէ... իսկ դուք կարողանում եք։ Ես խոնարհվում եմ ձեր առաջ։ Ես այսօր երգելու եմ ձեզ համար մի երգ, որն ինձ համար շատ թանկ է, երևի կյանքիս պես թանկ, բայց ազնվորեն, երևի թե, կյանքում առաջին անգամ պիտի խոստովանեմ, որ դժվար եմ պատկերացնում, թե կարողանամ երգս լրիվ կատարել։ Ուզում եմ՝ տեղերով փոխվենք՝ դուք երգեք, ես լսեմ։ Սկսեք, հետո կմիանամ ձեզ»։ Հանդիսատեսը չառարկեց ու երգեց Քրիստինեի «Մայրիկ» երգը, ապա երգչուհին միացավ նրան ու, հաղթահարելով հուզմունքը, կատարեց երգը։

Երեկոյի հանդիսավարը Հայկ Պետրոսյանն էր, ով ներկայացավ նաև երաժշտական կատարմամբ ու երգեց «հիթերի պոպուրի» հայտնի մուլտֆիլերից։ Համերգին ներկա էին «Հայ մայրերի» փոքրիկները, որոնց ուրախացրին հայտնի հերոսներ Լոլիկն ու Բոլիկը։
Համերգը եզրափակվեց Սոֆի Մխեյանի ելույթով։ «Համաձայն եմ» երգի կատարման ժամանակ նրան միացավ փոքրիկ երգչուհի Յանան, «Համաձայն եմ»-ը անակնկալ զուգերգ դարձավ ու արժանացավ հանդիսատեսի հավանությանը։ «Ժպտա» երգի կատարման ժամանակ էլ Սոֆիին միացան «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության երեխաները, ովքեր պահել էին «Ես կարող եմ» պաստառներ։

«Այնքան ժպտացող աչուկներ եմ տեսնում, ամենակարևորը՝ եղեք առողջ։ Սիրելի ծնողներ, տա Աստված, որ չունենաք մեր կարիքը, բայց հավատացեք, որ եթե ունենաք մեր կարիքը, մենք առանց խոսելու պատրաստ ենք լինել ձեր կողքին։ Այսօրվա հասույթը գնալու է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությանը, որը շատ հարազատ է ինձ, որտեղ այնքան դրական ու բարի մարդիկ են։ Ես շատ ուրախ եմ, որ նրանք մեր կողքին են, մենք էլ՝ իրենց»,- ասաց Սոֆին։














Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Անտինյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



