ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի 
գրասենյակի ղեկավար

Ես իրավաբան չեմ, բայց կարծում եմ՝ ընդհանրապես իմ կարդացածները հասկանում եմ։ Բայց վերջին օրերին մեր իրականությունում գոնե մի բան կա՝ չեմ հասկացել։  
Օսկանյան-Զուրաբյան զրույցի գաղտնի ու անօրեն ձայնագրման ու տարածման մասին «Դատախազությունը մինչ այժմ քրեական գործ չի հարուցել՝ մեկնաբանելով, որ բողոք չի ներկայացվել»։ Բայց երկուսուկես ամիս առաջ՝ ճիշտ հոկտեմբերի 2-ին, ՀՀ Ազգային ժողովում, «անդրադառնալով պատգամավորների այն տեսակետներին, թե գործում չկա բողոք, չկա տուժող, եւ թե արդյոք ում շահերն է պաշտպանում նախաքննության մարմինը, ՀՀ գլխավոր դատախազն ասաց. «Քրեական գործի նախաքննությամբ ակնհայտորեն պաշտպանվում են «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա շահառուների գույքային շահերը, ինչպես նաեւ բարեգործություն կատարած Հանթսմանների բարի համբավը»»:
Այստեղից էլ իմ չհասկանալու պատճառը. ՀՀ Դատախազությունը, երբ ուզենա, առանց բողոքի գործ կհարուցի, երբ ուզենա՝ ոչ... 
Իմ չար բախտից, երեկ էլի կարդացել էի ՀՀ Սահմանադրությունը, ուր ասված է. «Հոդված 23. [...] Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով։ Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով։ [...] Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ»։
Հիմա արի ու հասկացի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել