Վաղվա նիստում կառավարությունը մտադիր է հաստատել պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030թթ. ծրագրից բխող 2015-2020թթ. միջոցառումների ծրագիրը: Այս ժամանակաշրջանում Ասիական զարգացման բանկի նույնանուն ծրագրով նախատեսված 107 մլն ԱՄՆ դոլարով կուժեղացվի և նոր կկառուցվի 46 դպրոց: Որոշման ընդունումը կնպաստի իրականացվելիք ներդրումային ծրագրի արդյունավետ կազմակերպմանը և ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված պետական կառույցների աշխատանքի համակարգմանը:
Իրավական ակտը մշակել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարարության աշխատակազմը` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Տարածքային զարգացման հիմնադրամի մասնակցությամբ:
Ըստ նպատակից բխող միջոցառումների ծրագրի՝ հաստատվելու է 46 գերակա շենքերի ցանկը, ապահովվելու են դրանց նախագծերի մշակման և շինարարության իրականացման համար անհրաժեշտ ելակետային փաստաթղթերը, այնուհետև մշակվելու են բուն նախագծերը, կատարվելու են շինմոնտաժային աշխատանքները: Յուրաքանչյուր դպրոցի համար ստեղծվելու է արտակարգ իրավիճակի արձագանքման գործողությունների ծրագիր, ընդգրկված համայնքներում իրազեկման քարոզարշավ է իրականացվելու:
Բացի այդ, ազգային դիտացանցի սեյսմիկ մոնիթորինգի համար դիտակետերն արդիականացնելու նպատակով տրամադրվելու են սարքավորումներ, վերապատրաստվելու են դիտակետերի աշխատակիցները, կազմվելու է ՀՀ տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի հավանակային գնահատման նոր քարտեզ, գնահատվելու են 46 դպրոցների համայնքների սեյսմիկ ռիսկերը, և իրականացվելու են բազմաթիվ այլ միջոցառումներ:
Արդյունքում` աշխատանքի ավարտին երկիրն ունենալու է ուժեղացված և նորակառույց 46 դպրոցի անվտանգ շենք, որոնք համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին:
Արդյունքում` աշխատանքի ավարտին երկիրն ունենալու է ուժեղացված և նորակառույց 46 դպրոցի անվտանգ շենք, որոնք համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1525329484454867&id=100009334896794&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել