Հիշում եմ, 1999թ. դեկտեմբերի ավարտն էր: Մոտենում էր 2000 թվականը, և միլլենիումի մերձեցումը տակավին մանկական իմ հոգում սարսափ էր առաջ բերում, քանի որ ակտիվ քննարկվում էր այն, որ 2000 թվականով աշխարհի վերջը պիտի լինի: Փա՛ռք Աստծուն, աշխարհն այսօր դեռևս կա: Անցել է 12 տարի, ու այսօր էլ, ականջներիս կոշտուկներ անելով, լրատվական ու գիտահանրամատչելի բոլոր ռեսուրսները փորձում են մեկնաբանել 2012-ի դեկտեմբերի 12-ին կամ 21-ին իբր տեղի ունենալիք աշխարհի վերջը` մայաների ինչ-որ օրացույցի, Տիբեթի Լամայի խոսքերի, Վանգայի կանխագուշակումների, մեր հարևան Արշամ և Գևորգ պապիների նստարանային բանավեճերի վրա հիմնվելով... Է հետո՞... Բա՛վ է վերջապես, ժողովո՛ւրդ: Պաշտոնապես 90%-ից ավել քրիստոնյա բնակչություն ունեցող Հայաստանում (դեռ չեմ խոսում աշխարհի քրիստոնյաների մասին) քանի՞սդ է մտածել. «Իսկ ի՞նչ է այս մասին ասում իմ Աստված` Հիսուս Քրիստոսը», քանի՞սն է բացել Աստվածաշունչը և ընթերցել աշխարհի վերջի օրվա մասին սրբազան այն տողերը, որ ասում են` «Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե. ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը։ Զգո՛ւյշ եղեք, հսկեցե՛ք ու աղոթեցե՛ք, քանի որ չգիտեք, թե ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:32-33): Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակում էլ Պողոս առաքյալն է ասում. «Եղբայրնե՛ր, բայց ժամերի և ժամանակների մասին կարիք չկա ձեզ գրելու, որովհետև դուք ինքներդ իսկ ստույգ գիտեք, թե Տիրոջ օրը այնպես է հասնում, ինչպես գողը՝ գիշերով» (Ա Թեսաղ. 5:1-2):
Այո՛, քրիստոնեություն ունի իր հստակ վարդապետությունը աշխարհի վախճանի, Քրիստոսի Երկրորդ Գալստյան և Հավիտենական դատաստանի մասին (կարդա՛ Մարկ. 13), սակայն մի բան հստակ է` ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՄԱՆԱԼ ԱՍՏԾՈ ՆԱԽԱՍԱՀՄԱՆԱԾ ՕՐԸ և ԺԱՄԱՆԱԿԸ (այս մասին խոսել ենք դեռևս ԴՈՒ ՓՐԿՎԱԾ ԵՍ հոդվածում): Եվ հիմա՞... Ի՞նչ հանդուգն ձեռք է առաջացրել այս քաոսը, ինչպիսի՞ ամբարտավանություն է արհամարհում Աստվածաշնչյան ճշմարտությունը...
Ստեղծված այս կացությունը` կարծես երկսայրի սուր, երկակի ծայրահեղություն և վտանգ է առաջ բերում, մեկը՝ աղանդավորական, մյուսը` աթեիստական:
Աղանդավորական - Կրոնական ոչ ուղղադավան բազմաթիվ կազմակերպություններ (աղանդներ) տարբեր դարաշրջաններում բազմիցս են հայտարարել աշխարհի վերջի օրվա և ժամի մասին և ամեն անգամ սխալվելուց հետո շարունակել են խաբել մարդկանց, թե Աստված գթառատ է գտնվել ու որոշել է հետաձգել այդ օրը: Համենայն դեպս, ձախողումներից հետո էլ դրանք չեն դադարել ու չեն դադարում նշանակել Արմագեդոնի հստակ օրերը: Ի՞նչ նպատակ են այս կեղծ հայտարարությունները հետապնդում: Պատասխանը մեկն է` ՎԱԽ, ՍԱՐՍԱՓ, ՏԱԳՆԱՊ: Տագնապային վիճակում հայտնված հավատացյալներին հեշտ է կառավարելը, միայն թե դու ցույց տաս նրանց «ճշմարիտ ելքը»: Այս դեպքում հաջողությունդ, ո՛վ սարսափազդու, կայացած է: Պատահական չէ, որ 2012-ի այս տագնապից խուսափելու համար շատերը մանկական միամտությամբ շտապում են գնել բունկեր-թաքստոցներ ու բնակարաններ, տարածքներ լուսնի վրա, ջրի և սննդամթերքի մեծ պաշարներ, հեռանում են քաղաքներից դեպի լեռները. կարծես այդ տեղերում Աստծո դատաստանն իրենց պետք է շրջանցի: Միանշանակ է, որ այսօր շատերը, և անգամ քրիստոնայաներ, ընկել են կեղծ վախի այս թակարդի մեջ: Միայն դեկտեմբեր 21-ից հետո նրանք խորը շունչ կքաշեն ու կմտածեն. «Լավ պրծանք»: Բայց խոստանում եմ՝ նորանոր թվեր ու ժամկետնր են դեռ ծնվելու:
Աթեիստական - Աշխարհի վախճանի մասին մյուս ծայրահեղությունը անհավատություն առաջ բերելու մեծ վտանգ ունի: Բավական է ուշադրություն դարձնենք մարդկանց մեկ այլ խմբի վերաբերմունքին հնչող հայտարարությունների հանդեպ, կտեսնենք, որ նրանք աշխարհի վերջի մասին լուրերին վերաբերում են ՔԱՄԱՀՐԱՆՔՈՎ, ԾԱՂՐՈՎ կամ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ: Անշուշտ սա ճիշտ կեցվածք է, եթե խոսքը մայաների կամ գուշակությունների, սարսափ ներշնչող կեղծ հայտարարությունների մասին է, բայց... Նմանատիպ սադրանքները և աշխարհի վերջի մասին «սփամային» հայտարարությունները սպառնում են խամրեցնել, բթացնել ու թմրեցնել մարդկանց, շեղել նրանց ուշադրությունը Քրիստոսի իրական գալուստից, որպեսզի, երբ իրապես հասնի այդ ժամանակը, ոչ ոք այլևս դրա ճշմարտացիությանը չհավատա:
Եվ ամենավերջում մի շատ պարզ ու նույնքան անորոշ հարց է մնում: Եթե աշխարհի վերջը իսկապես այդքան մոտիկ լիներ, եթե այն լիներ հենց այսօր, ի՞նչ ես անում դու փրկվելու համար: Չէ՞ որ այդ օրը վաղ թե ուշ պետք է հասնի, ինչպե՞ս ես պատրաստվում դիմավորել այն: Բոլորս պիտի ննջենք, ապա կանգնենք Տիրոջ դատաստանի առաջ` առակի տասը կույսերի նման (Մատթ. 25:1-13) և աղերսենք Քրիստոս-փեսային ներս թողնել մեզ: Արդյոք բավարար ձեթ ունեն՞ք: Արդյո՞ք բավարար չափով հոգում ենք մեր փրկության համար... Մոտավոր պատկերը, ըստ «Որքանո՞վ ես քրիստոնյա» թեստի արդյունքների, կարող ենք դիտել ստորև`
Ահա ա՛յս` սեփական հոգու փրկությունը, պետք է լինի մարդկային մեր մտահոգության առիթը, իսկ աշխարհի վերջի օրը և ժամը թողնենք Աստծո որոշմանը: