ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը |
Սեռավարակները առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներն են (վարակներն են): Դրանք տեղակայվում են հիմնականում տղամարդկանց և կանանց ներքին ու արտաքին սեռական օրգաններում. ախտահարելով տվյալ սեռական օրգանը` առաջ են բերում այս կամ այն չափով արտահայտված ցավային համախտանիշ, ընդհուպ մինչև ֆունկցիայի խանգարում: Ներկայումս բավականին լավացել է սեռավարակների հայտնաբերման մեթոդների արդյունավետությունը (քսուքի միկրոսկոպիկ հետազոտություն, արյան իմունոֆերմենտային քննություն, ժամանակակից նոր գեներացիայի վարակների հայտնաբերման համար կիրառվող ԴՆԹ պոլիմերազային մեթոդները), բայց դրա հետ միաժամանակ շատացել են հիվանդությունների գաղտնընթաց և ձգձվող ընթացքով խրոնիկական դեպքերը:
Սեռավարակների ոչ լիարժեք բուժման դեպքում կամ երբ հիվանդը, լիարժեք բուժում դեռ չստացած, դադարեցնում է բուժումը, առաջանում են դեղորայքակայուն ինֆեկցիաների շտամներ (տեսակներ), որոնք, փոխանցվելով իրենց զուգընկերներին կամ զուգընկերուհիներին, առաջ են բերում տարբեր սեռական օրգանների հիվանդություններ, որոնց բուժումը բժիշկների համար դժվարություն է ներկայացնում, քանի որ արդեն այդ ինֆեկցիաները կայուն են դեղորայքների նկատմամբ:
Կախված տեղակայումից, ընթացքից, հիվանդի տարիքից, վարակի տեսակից և տևողությունից` սեռավարակները կարող են առաջացնել սղամարդկանց մոտ բալանոպոստիտ (սեռական անդամի գլխիկի բորբոքում), ուռետրիտ (միզուկի բորբոքում), սերմնային թմբիկի բորբոքում, շագանակագեղձի սուր և խրոնիկական բորբոքում (պրոստատիտ), ամորձիների ախտահարում (օրխիտ)`ընդհուպ մինչև սերմառաջացման ֆունկցիայի խանգարում` բերելով արական անպտղության զարգացման: Որպես բարդություն հաճախ դիտվում են սեռական ֆունկցիայի խանգարումներ` էրեկցիայի թուլություն, վաղաժամ սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում:
Կանանց մոտ սեռավարակները կարող են առաջ բերել վուլվովագինիտ (հեշտոցամուտքի և հեշտոցի բորբոքում), արգանդի վզիկի և արգանդի լորձաթաղանթի բորբոքում, արգանդափողերի ձվարանների ախտահարում`առաջ բերելով ձվազատման ֆունկցիայի խանգարում և կպումների ձևավորման պատճառով նաև կանացի անպտղություն: Կանանց սեռական ֆունկցիայի խանգարումներից հաճախ դիտվում են գրգռման ժամանակ հեշտոցի ոչ բավարար խոնավացում, օրգազմի զգացողության խանգարումներ, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական ցանկության նվազում:
Վերոհիշյալ նկարագրվածից պետք է հետևություն անել, թե որքան կարևոր է բժիշկ-սեքսոլոգների համար սեռավարակների կանխարգելումը: Մեծ նշանակություն ունի սեռավարակների ճիշտ և ժամանակին հայտնաբերումը, ռացիոնալ, արդյունավետ բուժումը, քանի որ սեռական ֆունկցիայի խանգարման և անպտղության քողի տակ կարող են թաքնված լինել որևէ սեռավարակի հին, խրոնիկական օջախներ, առանց որոնց հայտնաբերման և ժամանակակից համակողմանի բուժման հնարավոր չէ հասնել սեռական կամ ամուսնական զույգի սեքսուալ ֆունկցիայի վերականգնման և կայուն բուժական արդյունքի: