Փաստորեն, իմ կասկածներն անհիմն չէին, երբ ես թերահավատորեն էի մոտենում նրան, որ «Ինտեր ՌԱՕ»-ն կարող էր այդքան հեշտ հրաժարվել ՀԷՑ-ի ու Հրազդան ՋԷԿ-ի պես յուղոտ կտորներից։ Ինչպես ցույց է տալիս ընկերության հոկտեմբեր ամսվա հաշվետվությունը՝ «Տաշիր Գրուպը» ձեռք չի բերել ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը, ինչի համար, ի դեպ, դիմում էր եղել կառավարություն, այլ ընդամենը 25 տոկոսը, իսկ «ՌԱՕ»-ն շարունակում է մնալ ՀԷՑ-ի և Հրազդան ՋԷԿ-ի հիմնական բաժնետերը։
Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ արդեն մի քանի ամիս է՝ մենք իրականում բեմականացված ներկայացման ենք ականատես լինում, երբ փորձում են «Տաշիր Գրուպի» միջոցով քողարկել «Ինտեր ՌԱՕ»-ի անհրապույր մռութն այս ողջ պատմության մեջ, բայց բոլոր որոշումների կայացման մենաշնորհը շարունակում է պահպանել ռուսական արնախում ու հանցավոր այս ընկերությունը։
Իսկ սա իր հերթին նշանակում է, որ ոչինչ էլ չի փոխվել, ու «կոսմետիկ վերանորոգումից» հետո՝ 2016-ին, կրկին ողջ թափով սկսելու են բիբինություն անել՝ ասելով, որ տեսե՜ք, մենք բարեփոխումներ արեցինք, խնդիրներ լուծեցինք, մենք արդեն լավն ենք, բայց մեկ ա՝ պետք է թանկացնենք էլէներգիայի սակագինը, թե չէ աշխարհը փուլ կգա։