Հարգելի պարոն Մովսեսյան,

Ցավով կարդացի Ձեր հարցազրույցը հանրապետության նախագահի ելույթի վերաբերյալ: Ցավով, որովհետև վստահ եմ, որ Դուք շատ լավ եք հասկացել, թե ինչ է իրականում ասում նախագահը: Բայց ստիպված եք հակառակել, որովհետև կարծում եք, թե պարտավոր եք դա անել: Վստահ եմ` Դուք իրականում ճիշտ եք նկատել` նախագահը չի խոսում «Ա1+»-ի կամ որևէ այլ հեռուստաընկերության եթեր ունենալ-չունենալու մասին, նա խոսում է… եթեր ունենալու իրավունքի մասին: Նա ասում է` եթեր ունենալու իրավունք ունեն բոլորը` և’ «Ա1+»-ը, և’ «Կենտրոնը», և’ «Երկիր մեդիան», և’ «Գալան», և’ մյուս բոլոր հեռուստաընկերությունները: Բոլորը: Այո, Դուք այսօր ունեք պայմանագիր, վաղը կարող է ունենաք հինգ այդպիսին: Նա ասում է, որ վերևներից ոչ ոք իրավունք չունի իր քիթը խոթելու ու ինչ-որ բան փսփսալու նրանց ականջին, ովքեր ձեզ ու մնացածին պայմանագիր են առաջարկում կամ չեն առաջարկում: Ես հասկանում եմ, որ այս ամենը Դուք ինձնից լավ եք նկատել: Ափսոսում եմ, որ այդքանը նկատելով` ստիպված եք ինչ-որ մարդկանց առաջ արդարանալ, հարցազրույց տալ` ասելով բաներ, որոնք հաստատ չէիք ասի, եթե իմանայիք, որ իրար տակ փորելու մեջ մասնագիտացած ինչ-որ խմբակից չեք քարկոծվելու: Մի վախեցեք նրանցից` Դուք շատ ավելի բարձր եք կանգնած, շատ ավելի կարևոր գործ եք անում: Դուք արդարանալու կարիք չունեք: Ձեր օրինակով լրագրողների մի ամբողջ սերունդ է մեծանում: Լավին ազատորեն լավ ասեք, որ լավը ամրանա ու շատանա, ու թող ձեր օրինակով կայացող լրագրողներն էլ սովորեն, որ դրականին պետք է սատարել, որ զարգանա: Հաջողություն Ձեզ: Ուրախ եմ, որ «Ա1 պլյուսը» կա: Հպարտ եմ Ձեզնով:

«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ բլից հարցազրույցը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել