Հավանաբար շատերն են լսել, որ օրերս սնանկացել ու փակվել է 3-րդ մասում գտնվող «Պլանետա» խանութը, ու բազմաթիվ ընկերություններ կանգնել են խնդրի առաջ, քանի որ իրենց գումարներն ու ապրանքը չեն կարողանում հետ ստանալ խանութից։ Հետաքրքրական է, որ Սամվել Ալեքսանյանը, ում պատկանող ընկերություններն ապրանքներ էին մատակարարում «Պլանետա»-ին, ոչ մի դրամ չի տուժել իր գործընկերոջ սնանկացումից և ահա թե ինչու։
Ընթացիկ ամսվա ընթացքում «Պլանետա»-ի պարտքը Սամվել Ալեքսանյանի ընկերություններին գումարային առումով կազմել է 3 միլիոն դրամ։ Երբ պարզ դարձավ, որ «Պլանետա»-ն սնանկանում է, Սամվել Ալեքսանյանը ներկայացավ խանութ ու հայտարարեց, որ մյուսներին ունեցած խանութի պարտքերն իրեն չեն հետաքրքրում, ու սկսեց թալանել խանութում եղած-չեղածը։ Ալեքսանյանն իր աշխատակիցների հետ րոպեների ընթացքում սրբեց-տարավ խանութի բոլոր սառնարանները, գույքը, մնացած սննդամթերքը, որոնց արժեքը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է 3 մլն դրամը։ Նրանք վերցրին նաև այն սառնարանները, որոնք խանութի սեփականությունը չեն և պատկանում են այլ ընկերությունների։
Ու այս իրավիճակի տիպիկ հայկական անիրավությունը կայանում է նրանում, որ այն ընկերությունները, որոնց սառնարանները գողացվել են խանութից, հիմա աննախանձելի իրավիճակում են հայտնվել, որովհետև Լֆիկը հրաժարվում է վերադարձնել իրենց գույքը՝ ասելով՝ «Բան ունեք, գնացեք «Պլանետա»-ից ստացեք, ես ձեզ տալիք չունեմ»։
Այսինքն՝ գործ ունենք անպատժելիության վիճակի հետ, երբ օլիգարխը թքում է օրենքների վրա ու ինքն է դատաստան տեսնում։
Միակ հույսն այն է, որ այս պատմությունը ծածկադմփոց չեն անի, ու իրավական լուծում կտրվի, ուստի խնդրում եմ ընդունել սա որպես հաղորդագրություն հանցագործության մասին, որտեղ հանցավոր գործունեություն ծավալելու մեղադրանքի հասցեատերը Սամվել Ալեքսանյանն է, ով, ի դեպ, ընդհանրապես իրավունք չունի գործարարությամբ զբաղվելու։