Երեկ առավոտվանից Ֆեյսբուքն ալեկոծվում էր Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի մասին լուրերից։ Սկզբում անգամ խոսակցություններ տարածվեցին, որ խմբի զգալի մասն արտասահմանցիներ են, ինչը, սակայն, հերքվեց, ու դա առիթ տվեց ոմանց սրամտության մրցարշավ սկսելու և ուժային կառույցներին ծաղրելու։
Ներողություն եմ խնդրում, իհարկե, բայց առնվազն հիմար պետք է լինել, որպեսզի սա կատակի վերածել ու համարել, որ եթե Ջիհադի Ջոյին չեն բռնելու, ուրեմն այս ամենն անմեղ բան է։ Սրամիտներին խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել այն սարսափելի զինանոցին, որն առգրավվել էր ԱԱԾ-ի կողմից։ Բոլորը, չգիտես ինչու, ֆիքսվեցին այդ զենք-զինամթերքը տեղափոխելուց հետո դեպքի վայրում մնացած խաչով դանակի, սիմվոլիկայի ու կրոնական գրականության վրա, մինչդեռ արդեն պաշտոնապես հաղորդվել է, որ տանը հայտնաբերվել են ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիր, ձեռքի նռնակներ, հակատանկային ական, պայթուցիկներ ու պայթուցիչներ, ինչպես նաև հակատանկային ու հակահետևակային նռնականետներ...
Այսքանով հանդերձ՝ միայն բութ արարածի համար կարող է դեռ հարց առաջանալ, թե ինչ պոտենցիալ վտանգ է ներկայացրել վնասազերծված խումբը, որովհետև նման զինանոցով խանութ կամ բանկ չեն թալանում, այլ միանգամայն ավելի լուրջ թիրախներ են ընտրում։
Ոչ մի կերպ չեմ ուզում անտեսել անմեղության կանխավարկածն ու չգիտեմ, թե ձերբակալվածներից քանիսն ուղղակի կապ ունեն այս զենք-զինամթերքի հետ, և քանիսն են իրոք ցանկացել ինչ-որ ծանր հանցագործություն գործել, սակայն գոնե ինձ համար պարզ է, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը շատ մեծ ու լուրջ ահաբեկչություն են կանխել, իսկ նրանց, ովքեր համարում են, որ ահաբեկչություն միայն իսլամիստները կարող են անել, ու հետևաբար միայն իլամիստները կարող են արժանանալ «տեռորիստ» բնորոշմանը, պարզապես հիշեցման կարգով ասեմ, որ Նաիրի Հունանյանն ու իր բանդան էլ վաստակաշատ ջիհադիստներ չէին, իսլամադավան չէին ու չէին անդամակցել ահաբեկչական խմբավորումների, բայց դա չխանգարեց նրան իրագործելու մեր նորագույն պատմության ամենախոշոր ահաբեկչությունը։
Ամփոփելով, առանց ավելորդ պաթոսի ուզում եմ ասել, որ լավ է, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, բոլոր թերություններով հանդերձ, դրսևորում են բավական պրոֆեսիոնալիզմ, որպեսզի նման դեպքերը ոչ թե պոստ ֆակտում կանխեն, երբ արդեն զոհեր ու տուժածներ կան, այլ մինչև ողբերգությունը։ Կոնկրետ այս դրվագում ուժայինները միայն գովեստի խոսքերի են արժանի։