Ժիրինովսկու իմպուլսիվ և հայահաճո կոչերից ոգևորվել պետք չէ։
Առաջին անգամը չէ, որ Ժիրինովսկին իրեն յուրահատուկ հայահաճո խոսքերով ու կոչերով կրքեր է բորբոքում մեզ` հայերիս մոտ՝ մեր Արարատ լեռն ու կորուսյալ հայրենիքը թուրքերից հետ վերցնելու պատմական պահն օգտագործելու առումով: 
Դրանից մենք` հայերս, «օգուտներ» ունենում ենք. առայժմ միայն «բարոյական», և ինչպես միշտ` բացառապես «մեծերի» շահերի շրջանակներում: Այս անգամ ևս արդեն իսկ նշմարվում են նմանատիպ «բարոյական օգուտները», թեկուզ այն իմաստով, որ ռուսաստանյան քաղաքական շրջանակներում կարծես թե լրջորեն քննարկվում է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հարցը կամ թեկուզ այն հանգամանքը, որ ներկա պահին մեզ արդեն «համարում են Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցը»: 
Պատմության ընթացքում մի քանի անգամ հայտնվել ենք աշխարհաքաղաքական զարգացումների այնպիսի հանգրվանում, երբ մասնավորապես ռուս-թուրքական հարաբերությունների սրումը մեզ հույսեր է ներշնչել դրանից մեծ օգուտներ քաղելու` Թուրքիայից վրեժխնդիր լինելու և պատմական արդարությունը վերականգնելու առումով:
Ոգևորվել պետք չէ. հայկական հարցը հերթական անգամ կարող է մանրադրամ դառնալ գերտերությունների հարաբերությունների վերադասավորման արդյունքում: Թուրքական դիվանագիտությունը միշտ էլ վերջում կարողացել է չոր դուրս գալ բոլոր իրավիճակներից:
Այս պարագայում շատ կարևոր է պահպանել այն դիրքորոշումը, որ ներկա պահին վարում է մեր երկիրը ղեկավարությունը. առանց ավելորդ ջղաձգումների ու պոռթկումների հետևել ծավալվող իրադարձությունների ընթացքին ու ցուցաբերել հավասարակշռված մոտեցումներ թե՛ գործընկերային մակարդակներում և թե՛ միջազգային հարթություններում՝ դրանով իսկ չվտանգելով արտաքին քաղաքական մակարդակներում վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկրի ձեռք բերած դիվանագիտական հաջողություններն ու առաջընթացները:
Տարածաշրջանում իրադարձությունները զարգանում են շատ արագ և անկանխատեսելի սցենարներով, որոնց էմոցիոնալ արձագանքելը կարող է անցանկալի հետանքներ ունենալ մեզ համար: 
Հ.Գ. Ուշադրություն դարձրեք Ժիրինովսկու արտահայտությանը` արդեն «Թուրքիայի հարցերը պետք է լուծել, անել դա ուրիշի ձեռքով: Հայերն ատում են թուրքերին...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել