Ուշադիր կարդում էի երեկ ձերբակալված աղջիկներից մեկի էջը... Ինչի՞ չեմ նրանց «հանցախումբ» կոչում, ինչպես բոլոր լրատվամիջոցները, քանի որ այդպես կարելի է կոչել միայն դատապարտված և գործած հանցանքներն արդեն իսկ ապացուցված խմբին և ոչ ձերբակալված: Չեմ բացառում, որ հնարավոր է, բայց միևնույն է՝ հենց թեկուզ լրատվամիջոցների հարցում նման մոտեցումը սխալ է: Աղջկա գրառումներից և տեղադրած նյութերից գալիս եմ այն եզրակացության, որ հայրենասեր ու շատ քաջ հայուհի է: Հնարավոր է, որ հենց դրանից էլ օգտվեն ոչ թե հայրենիքի համար օգտակար ուժերը, այլ հակառակը՝ ուժեր, որոնց նպատակը հայրենիքն ապակայունացնելն ու թուլացնելն է: Կրկնեմ՝ այս ամենն ընդամենը իմ անձնական ենթադրություններն են: Մի փոքր ուսումնասիրեցի նաև «Հայոց Վահան»-ի գործունեությունը, որքանով որ դա հնարավոր է՝ ըստ համացանցում եղած ինֆորմացիայի: Առաջին հայացքից նույնպես զուտ ազգասիրական մատերիալներ էին: Իհարկե, ֆանատիզմի հասնող ազգասիրությունն ու հայրենասիրությունը նույնպես կարող են վտանգավոր լինել, քանզի այն կարող է մարդուն «կուրացնել», և ըստ այդմ, ինչպես վերը նշեցի, դրանից կօգտվեն հենց ազգին ու հայրենուն վնասելու նպատակ ունեցող ուժերը. վառ օրինակ՝ այսօր իրենց ընդդիմադիր հայտարարող ու զինված հեղաշրջում կամ քաղաքացիական պատերազմի կոչ անողները, ովքեր երբեք իրենք ոչ մի անօրինական քայլ չեն անի, իրենց տանը և գրպանում սուր կտրող կամ ծակող ոչ մի իր չեն պահի, բայց այ երիտասարդների «ուղեղը լվանալու», նրանց հանցագործության մղելու, իրական ընդդիմադիր, որոշ դեպքում ռադիկալ հայացքներ ունեցողներին «ջրի երես հանելու ու փուռը տալու» համար վարպետ են... Ուշադիր հետևեք «ընդդիմադիր լիդերների» և նրանց հետևորդների ճակատագրերին, և ձեր համար ամեն ինչ պարզ կլինի: Ճիշտ գաղափարախոսության ու անշահախնդիր ընդդիմության պակասը, քաղաքական ու տնտեսական ճգնաժամը, ռեգիոնի ընդհանուր լարվածությունն ու բազմաթիվ այլ ֆակտորներ հնարավոր չի, որ չծնեն հուսահատությունից ըմբոստացած և (կորցնելու բան չունեմ մի բան պիտի արվի) որոշմանը հասած անձաց` հիմնականում հասուն երիտասարդների, ովքեր էլ «սխալ ձեռքերում» հայտնվելու դեպքում կամ հանցագործ ու զոհ կդառնան, ճիշտ ձեռքերում հայտնվելու դեպքում կսկսեն հայրենանվեր գործեր կատարել: Սահմանադրության փոխվելու մասին չգիտեմ, բայց այ 21-րդ դարին համապատասխան ճիշտ ու հայանպաստ, պարզ ու ընդունելի, պետության ու ազգի բարելավմանն ու անկախ հայրենիք հարատևմանն նպաստող գաղափարախոսության ձևավորումը հաստատ անհետաձգելի խնդիր է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել