ՄԻԱԿ քարտուղար |
ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում նախագահ Սարգսյանի ծրագրային ելույթը, ըստ էության, երկրում կուտակված հիմնախնդիրները խորապես գիտակցող և դրանց լուծման բանաձևերը հստակ պատկերացնող, պատասախանատու մարդու մոտեցումների և մտորումների ամբողջություն էր: Այն իր բնույթով հեղափոխական էր, որն ամբողջությամբ կառուցված էր հայ մարդու, Հայաստանի քաղաքացու և հայի տեսակի նոր փոփոխվող աշխարհում տեղի ու բացառիկ դերի վրա:
Այսօրվանից սկսած իմ գրառումներում ուղղակի և անուղղակի անդրադառնալու եմ այդ ելույթի կարևոր ուղերձներին` ակնկալելով դրանց շուրջ կառուցողական քննարկումներ մեր երկրի նոր տեսլականի (vision) համատեքստում:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Ոչ ոքի իրավունք տրված չէ հուսահատեցնել Հայաստանի քաղաքացուն: Նույնիսկ մեկ մարդու հուսահատությունն ու հիասթափությունը արդեն նշանակում է պարտություն լայն իմաստով: Դրա համար էլ այսօր ասում եմ. Հայաստանի ողջ պետական կառույցը պետք է մարմնավորի հայոց արժանապատվությունը»: Այս ուղերձը շատ կոնկրետ երկու հասցեատեր ունի: Առաջինը այն չինովնիկն է(տվյալ դեպքում` այս հասկացությունը հավաքական է), որն այնքան էլ լավ չի պատկերացնում իր հիմնական կոչումը` անվերապահ ծառայել քաղաքացու շահերին և իր գործունեությունը իրականացնել հենց այս առաջնահերթությամբ:
Երկրորդը այն քաղաքացին է, ով չի տեսնում այդ չինովնիկին որպես իր շահերի պաշտպան կամ դարձել ու դառնում է նրա անտարբերության, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման և անարդար որոշման «զոհը»: Ակնհայտ է, որ հենց նման դրսևորումներն են լայն արձագանք գտնում հասարակության մեջ և տիրաժավորվելով դառնում վատ տենդենցներ ու շտամպեր: Սա, անշուշտ, պարտություն է լայն իմաստով, քանի որ մարդու մեջ կոտրում է հավատը, նրան դարձնում է անպաշտպան ու անօգնական... և այս իմաստով կոչը, որ պետական կառույցը պետք է մարմնավորի հայոց արժանապատվությունը, ամբողջությամբ տեղին է և իմպերատիվ: