Aysor.am-ը գրում է.

Թեև արդեն տևական ժամանակ է՝ հաղորդավարուհի Ինգրիտ Կոկչյանն էկրաններին չէ, սակայն շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Aysor.am-ի հետ բացառիկ հարցազրույցում հաղորդավարուհին անկեղծացել է ներկայիս հեռուստադադարի, նոր հետաքրքրությունների, հանուն անձնական կյանքի արված զոհաբերությունների, և իհարկե, ընտանիքի մասին: 

-Ինգրիտ, Ձեզ արդեն բավական ժամանակ է՝ չենք հանդիպում էկրաններին: Այդ լռությունն ինչո՞վ է պայմանավորված:

-Հիմա ես ուղղակի ապրում եմ առանց որևէ հրապարակային կյանքի ձգտող ամբիցիաների: Աշխատում եմ օրս ապրել մաքսիմալ հետաքրքիր, վերցնել աշխարհից այն, ինչ կարող եմ, փոխանցել իմ մտերիմներին: Մի խոսքով, այժմ հավաքում եմ տպավորություններ, գուցեև հետագայում բերեն որևէ ստեղծագործական արդյունքի, չգիտեմ:

-Չե՞ք կարոտում էկրանային կյանքը:

-Ոչ:

-Բայց այդ երկարատև լռությունը ռիսկային չէ՞, չե՞ք վախենում մոռացվելուց և ասպարեզից դուրս մնալուց:

- Լռությունն ընտրություն է, ժամանակավոր ընտրություն, քանի որ, իմ կարծիքով ավելի լավ է «լռել», քան առանց ասելիքի «խոսել» ու այստեղ-այնտեղ երևալ: Տարիքի հետ ես սկսեցի ավելի շատ հարգել այն ժամանակը, որն ինձ տրված է ու ծախսել այն բացառապես այնպիսի գործերի, նախագծերի վրա, որոնք և ինձ, և հեռուստադիտողին ինչ-որ բան կտան… Կտան զարգացում, կամ հետաքրքիր մարդկանց հետ շփման հնարավորություն, ինձ որևէ նոր բան կսովորեցնեն: Ինչ վերաբերում է մոռացվելուն, ապա կարծում եմ՝ այն մարդիկ, ում ես պետք եմ, այսպես թե այնպես,  կհիշեն իմ մասին: Կարճ ասած՝ սա շատ մտածված ու իմաստավորված լռություն է, որի համար ես ո՛չ փոշմանում եմ, ո՛չ էլ վախենում:

-Արդյոք նոր առաջարկներ չունեք, կամ, գուցե՝ ինքնատիպ մտահղացո՞ւմ՝ նոր կերպարով ներկայանալու:

-Իհարկե, առաջարկներ լինում են, բայց հեռուստատեսություն վերադառնալ ներկայում գործող շոու-բիզնեսի որակում՝ լինի դա դերասանուհու, թե հաղորդավարուհու կարգավիճակով՝ ես համաձայն չեմ: Իսկ մտահղացում ունեմ, սակայն ինձ որոշ ժամանակ է պետք այն կատարելագործելու համար: Այնպես որ առայժմ նախընտրում եմ լռել:

-Ի դեպ, այս ընթացքում ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ գործունեություն եք ծավալել:

- Տարիներ շարունակ աշխատել եմ որպես գովազդների ռեժիսոր, եղել եմ տարբեր գովազդային նախագծերի տնօրեն, գրել եմ սցենարներ և այն պահին, երբ շատ հետաքրքիր, շահավետ գործնական առաջարկով պիտի մեկնեի արտերկիր, հանդիպեցի ՏՂԱՄԱՐԴՈՒ, սիրահարվեցի ու մնացի իմ երկրում… Որոշ ժամանակ չաշխատեցի, իսկ հետո ստեղծեցի իմը:

-Չէի՞ք ձանձրանում:

-Ոչ, ազատ ժամանակս անց էի կացնում նախորդ տարիների գերզբաղվածության պատճառով մի կողմ դրած գրքերի ընթերցանությամբ, նոր ֆիլմեր դիտելով, հետաքրքիր ցուցահանդեսների ու համերգների  հաճախելով ու ուղղակի վայելելով ինձ համար հաճելի մարդկանց հետ շփումը՝ հանգիստ ու առանց շտապելու: Բազմաթիվ նոր բաներ սովորեցի ու արդյունքում ձևավորվեց իմ նոր հոբբին՝ փայտե զարդեր պատրաստելու գաղափարը, որով էլ հիմա զվաղված եմ` ավելի լրջացնելով իմ հոբբին ու դարձնելով այն իմ ամենօրյա գործը: Ամեն օր նոր բաներ եմ սովորում, նոր նյութերի հետ ծանոթանում, նկարում, կարդում դեկորի ու էթնիկ զարդանախշերի մասին բազում գրքեր... Մի խոսքով, գտել եմ ինձ հետաքրքիր գործ, որը հաճույքով եմ անում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել