Armen-Ashotyan1Հայաստանի համար առաջնային խնդիր է գիտական մրցունակ ծրագրերի իրագործումը, ինչպես նաև երիտասարդ գիտական կադրերի պատրաստումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) գործադիր տնօրեն Դևիդ Կլիվի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ Հայաստանը գիտության և նորարարությունների զարգացման ոլորտում կարևորում է բոլոր հնարավորությունները:

ՄԳՏԿ տնօրենն իր հերթին նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ գիտատեխնիկական ոլորտի համագործակցության զարգացմամբ: Դ. Կլիվը նշել է, ՄԳՏԿ կազմից Ռուսաստանի դուրս գալուց հետո առաջացել էին որոշակի խնդիրներ, որոնք այժմ գտել են իրենց լուծումները. մասնավորապես իրականացվել են կանոնադրական որոշակի փոփոխություններ, մշակվել են զարգացման նոր ռազմավարություն և առաջիկայում ակնկալվում է ՄԳՏԿ ծրագրերի ֆինանսավորման նոր փուլի սկիզբ:

Նրա խոսքով՝ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն ՄԳՏԿ զարգացման ռազմավարության և ընդլայնման հարցերը: Այս համատեքստում անդրադարձ է եղել ՄԳՏԿ միջոցներով գիտական ծրագրերի իրականացմանը:

Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ 90-ական թվականների սկզբից մինչև 90-ականների վերջը, երբ Հայաստանը անդամակցել է ՄԳՏԿ-ին, գիտության ոլորտի առջև ծանրացած էր առավելապես համակարգը պահպանելու խնդիրը, այսօր սակայն ջանքերն ուղղվում են նաև զարգացման ուղղությամբ:

Ընդգծելով, որ Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից մեկը գիտության ոլորտի միջազգայնացումն է, ԿԳ նախարարը նշել է, որ 2016 թվականից Հայաստանը միանում է Եվրոպական միության «Հորիզոն 2020» ծրագրին, որը ԵՄ գիտական ֆոնդերից օգտվելու լրացուցիչ հնարավորություն է։

«Մեզ համար առաջնային խնդիր է գիտական մրցունակ ծրագրերի իրագործումը, ինչպես նաև երիտասարդ գիտական կադրերի պատրաստումը»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ցանկացած միջազգային համագործակցության ձևաչափ, եթե այն վերջնարդյունքում կարող է նպաստել նաև գիտական նախագծի առևտրայնացմանը, ընդունելի է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել համատեղ գիտական ծրագրերի բնագավառներին և ֆինանսավորման մեխանիզմներին, համագործակցության ձևաչափերին: ՄԳՏԿ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև ՀՀ ԿԳՆ գիտպետկոմում և գիտահետազոտական կենտրոններում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել