Այսօր սիրիական տարածքում թուրք զիվորների կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցելու փաստը մեծ իրարանցում առաջացրեց մեդիա դաշտում: Շատերի կարծիքով Մոսկվայի դեռևս ուշացող արձագանքը կլինի խիստ, իսկ տվյալ միջադեպը անհետևանք չի մնա: Անշուշտ տվյալ դեպքը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի Մոսկվան և Անկարան վերանայեն միմյանց հետ հարաբերությունները և անցում կատարեն շփումների ավելի սառը հարթություն: Դա կարող է բերել հիշյալ տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը և հնարավոր նոր հակամարտության ծնունդի:
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի արձագանքին, այն կարծում՝ եմ կլինի իրոք խիստ, բայց միևնույն ժամանակ մտածված և նպատակային՝ առանց ավելորդ շեշտադրումների և ակնարկների: Ավելին, ռազմական միջամտություն նախաձեռնելով Սիրիայում Իսլամական պետության դեմ՝ Մոսկվան լավ հասկանում էր, թե ինչ հետևանքների դա կարող էր հանգեցնել, և դժվար թե հաշվարկած չլիներ զարգացումների առնվազն մի քանի սցենար, որոնցից մեկը հենց կարող էր լինել վերոնշյալ միջադեպը: Այնպես, որ առաջին հերթին նման զարգացումները պետք է որ անհանգստացնեն հենց Թուրքիայի ղեկավարությանը, որոնք շատ հաճախ գործում և որոշումներ են ընդունում պահի ազդեցությամբ:
Ռուսական լրատվամիջոցներն արդեն հաղորդում են, որ ՆԱՏՕ-ն հրատապ նիստ է հրավիրելու վերոնշյալ դեպքի կապակցությամբ: Հասկանալի է Թուրքիան տվյալ դաշինքի անդամ է, բայց դժվար թե այդ կառույցի կոլեգիալ դիրքորոշումը պաշտպանի թուրքական այդօրինակ քաղաքականությունը:
Հիշենք նաև, որ ավելի վաղ Թուրքիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմում էր ներկայացրել՝ կոչ անելով ԱԽ նիստի ընթացքում քնարկել Սիրիայի հյուսիսում թուրքմեններով բնակեցված շրջանները ռմբակոծելու հարցը, իսկ թուրք պաշտոնյաները և դիվանագետները քննադատության էին ենթարկել Մոսկվային սիրիական Բայրբուջաք համայնքի թուրքազգի ներկայացուցիչներին ռմբակոծելու հարցում: Ուստի, կարելի է ենթադրել, որ սա թուրթերի պատասխանն էր Մոսկվային:
Կարելի է կանխատեսել, որ նման միջադեպեր դեռևս կշարունակվեն գրանցվել, իսկ երկու երկրների միջև լարվածությունը կարող է հանգեցնել պայթյունավտանգ իրավիճակի: