Panorama.am-ը գրում է.
Հայաստանի ՏՀՏ ոլորտի մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, որի նպատակն է ներկայացնել ու պաշտպանել ոլորտի գործատուների իրավունքներն ու շահերը: Նորաստեղծ միության ծրագրերի և առաքելության մասին մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են «Յունիքոմփ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ միությունը հնարավորություն կտա ամրապնդել ՏՀՏ ոլորտի գործատուների միջև փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցել ոլորտի փոփոխվող պահանջներին օրենսդրության համապատասխանեցմանը, նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը և խթանել ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացումն ու նոր կազմակերպությունների ստեղծումը:
Միության հիմնական նպատակներից է աջակցություն ցուցաբերել ՏՀՏ և հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի համար կադրեր պատրաստող հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների` միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցմանը: Նախատեսվում է նաև նպաստել ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների աճին, տրամադրել բիզնես և իրավաբանական խորհրդատվություն և այլն:
ՏՀՏ գործատուների միությունը, հաշվի առնելով Հայաստանում առկա ներուժը, հատուկ ուշադրություն է դարձնելու դպրոցական և բուհական կրթությանը՝ ձեռնարկելով հիմնարար գիտելիքների դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ: Հիմնարար գիտելիքների մակարդակի բարձրացման հետ միաժամանակ սատարվելու և իրականացվելու են գիտության և արտադրության մերձեցման և սերտաճման հետ կապված ծրագրեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



