Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն՝ 2014-ին նախորդ տարվա համեմատ Հայաստանում աղքատությունը նվազել է 2 տոկոսով կազմելով 30 տոկոս` 2013-ի 32 տոկոսի փոխարեն:
Ընդ որում, վերանայվել է նաև աղքատության գիծը: 2014-ի աղքատության գիծը հաշվարկվել է՝ վերանայելով 2009 թվականի նվազագույն պարենային զամբյուղը և ոչ պարենային ապրանքների գնահատված մասնաբաժինը: Համաձայն դրա՝ աղքատության վերին ընդհանուր գիծ է սահմանվել 40246 դրամը (կամ 96,8 դոլարը): Այսինքն, ամսական այս գումարից ցածր սպառում ունեցող մեկ չափահաս անձը համարվում է աղքատ: 2013-ին այդ գիծը 39193 դրամն էր (կամ 95,7 դոլարը):
Այսպիսով, 2014 թվականին աղքատության ընդհանուր՝ վերին գիծը 40246 դրամ (կամ 96,8 դոլարը) է, ստորինը` 33101 (կամ 79,6 դոլար), իսկ ծայրահեղ աղքատության գիծը՝ 23384 դրամ (կամ 56,2 դոլար): 2013-ին այդ ցուցանիշները գնահատվել են համապատասխանաբար` 39193 դրամ (կամ 95.7 ԱՄՆ դոլար), 32318 դրամ (կամ 78.9 ԱՄՆ դոլար) և 22993 դրամ (կամ 56.1 ԱՄՆ դոլար):
Զեկույցը պատրաստվել է՝ ըստ 2014 թվականի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների: