Lragir.am-ը գրում է․

Ահաբեկությունների ալիքի աղմուկի ներքո Սաուդյան Արաբիայում դատարանը որոշեց գլխատման դատապարտել բանաստեղծ, արվեստագետ Աշրաֆ Ֆայադին։

Դատավճռի համար հիմք է ծառայել Ֆայադի հավատուրացությունը, ինչը ինքը՝ Ֆայադը ժխտում է։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին արյունալի գործողություններին ի պատասխան միջազգային ռազմարշավ է սկսվել, որը կարող է նաև արդյունավետ լինել։ Մինչդեռ «ԻՊ»-ը ունի ծպտյալ հովանավորներ, որոնց թվում, բացի մեզ համար ավանդաբար հետաքրքիր Թուրքիան, նաև Սաուդյան Արաբիան է՝ աշխարհում նավթի խոշորագույն արտադրողն ու արտահանողը։ Այս պետությունն ունի հրեշավոր օրենքներ (որոնք կիրառվում են), բայց որպես կանոն փաղաքուշ վերաբերմունքի է արժանանում մեծ տերությունների կողմից։

Հայտնի է, ասենք, Բուշ գերդաստանի երկարամյա մտերմությունը սաուդյան գահատոհմի հետ։ 2001-ի սեպտեմբերի 9-ին հաջորդող ամիսներին շահագրգիռ անձինք և մարմինները հնարավորին չափ շրջանցում էին այդ կապերը հրապարակային մակարդակում։ Բայց հակաահաբեկչական դաշինքում կան երկրներ, որտեղ բացահայտ ողջունում են սաուդյան արմատականությունը։

Պյոտր Տոլստոյի «Պոլիտիկա» հաղորդման ընթացքում (ռուսական 1-ին ալիք) կրեմլյան պրոտեժեներից մեկը՝ քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովը հայտարարեց, որ Էլ Ռիադում գլխատել են «սաուդյան նավալնիին», որը համարձակվել էր երկրի ներսում կատարվող խոշոր հանցագործություններ բացահայտել. պետք է նույն կերպ վարվել նաև Ռուսաստանում։

Իսկ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին այդ օրերին նույնիսկ հերթական ապարանքի լուսանկարները չէր հրապարակել (որոնցից վերջինը պաշտպանության նախարար Շոյգուինն է), այլ ընդամենը հանրությանը տեղեկացրել Վալենտինա Մատվիենկոյի ականջօղերի արժեքը՝ 30.000 դոլար։

Բոլոր երկրներն ու քաղաքական գործիչները ահաբեկությունների թարմ հետքերով խոսում են դրանք կանխելու մեխանիզմներ կիրառելու մասին։

Սաուդյան Արաբիայի օրենքները տեղովը ահաբեկություն են՝ սկսեք կանխել դրանք։ Եվ մի թույլ տվեք սպանել բանաստեղծին՝ «նա գրում էր, որքան կարողանում էր», եթե նույնիսկ իսկապես տատանվում էր, թե ինչ հավատ ընտրի դավանելու։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել