Ծիծեռնակներ օդում – ուղիղ մեջտեղից բացված տետրակների
նման: Առաջին ժամերը ցուրտ դասարանում:
Թվաբ: Աշխարհ: Բուսաբ:
Եվ դեմ առ դեմ առաջին հանդիպումը կմախքի հետ
անատոմիայի կաբինետում, և  ուսուցիչը, որի համեմատությամբ
կմախքը շատ ավելի կենսունակ ու կենսախինդ էր թվում
և շահում էր իր մարդկային հատկանիշներով…
Զանգերով, թվերով ու գնահատականներով լցված
                                                                          առավոտներ,-
բազմազան ժողովներ, որ ավարտվում էին պարերով,
հեռավոր էքսկուրսիաներ, որ ավարտվում էին
                                                     մոտակա պուրակում,
և սերը, որպես ֆակուլտատիվ առարկա թևածում էր
միջանցքներում, կպչում էր մեր թանաքոտ մատներին,
կավճի փոշուց ճերմակած արտևունքներին,
սերը, որի ետևից ընկած, ինչպես աներես ճանճի,
ուսուցչական կոլեկտիվը քշում էր օրնիբուն,
պայքարում քիմիական պրեպարատներով,
                                             թակարդներով զանազան…
Սակայն վաղ առավոտյան, գտնելով մի բաց լուսամուտ,
սերը նորից սուրում էր ներս, և սկսվում էր նորից
ամենօրյա վազվռտուքն ու պայքարը հուսահատ…
Ծիծեռնակներ օդում-
երկինքն ամբողջովին խզբզված է ծիծեռնակներով,
ինչպես տառասխալներով, ջնջումներով և ուղղումներով   լցված
աշակերտական տետրակի էջ:
* * *
Դաշնամուրի վրա մի մատով նվագված առավոտ,
պարզ հնչյուններ, որ թափանցում են վարագույրից ներս:
Շներ, կատուներ, ծտեր – ահա, քաղաքային ամբողջ ֆաունան,
աղքատիկ մի նվագախումբ` հասարակ իրադարձությունների
                                                համար նախատեսված:
Ի՜նչ արագ են երևում դատարկ օրվա նշանները,
և հորիզոնը` փոքրիկ պատուհանն է, փակված, չգիտես, թե
ում լվացքով` ճերմակ սավան` ավարտված կինոյի էկրան,
լույսերը վաղուց վառվել են, իսկ դու մենակ ես դահլիճում,
բոլորն արդեն գնացել են տարբեր ուղղություններով,
իսկ դու մոլորված նստել-մնացել ես, որովհետև չգիտես, թե
հիմա  ուր պիտի գնաս…մոլորված նստել ես քո վարձով
սենյակում, և օրը նոր է սկսվել, իսկ հոգիդ խամրած է,
ինչպես անձրևների տակ երկար մնացած կոնֆետի թուղթ:
Դաշնամուրի վրա
մեկ մատով նվագված առավոտ:
* * *
Գիշերը դու քնել էիր անտառում, բաց երկնքի տակ,
պառկած կանաչ խոտերին: Իսկ երբ արթնացար
վաղ առավոտ էր, իսկ երբ արթնացար` ուշացել էիր արդեն-
խոտերը աճել էին քո միջով,
ճյուղերն անցել էին քո միջով, իսկ հենց կրծքիդ վրա,
հենց այնտեղ, որտեղ սիրտդ է, բացվել էր մի ծաղիկ`
չափազանց վառ գույներով և թերթիկները
փոխում էին գույներն ամեն ակնթարթ:
Թեթև քամին ճոճում էր խոտերը և ես զգում էի,
որ ճյուղերն իմ ձեռքերն են,
թիթեռները պտտվում էին ծաղկի շուրջ,
և սիրտս ուռչում էր ուրախությունից…
Ես երևի մեռել եմ, – մտածեցի առանց խուճապի, –
ես երևի վաղուց եմ մեռել, -շարունակեցի մտածել:
Իսկ եթե չեմ մեռել, ապա վատ չէր լինի,
եթե մի քիչ էլ այսպես ապրեի…
* * * 
Ես ինչպես մոռանամ քեզ,-
ես, որ հիմա թափառում եմ
ապրողնրի և մեռնողների արանքում:
Ես, որ կիսով չափ հողի մեջ եմ:
Եվ ամեն անգամ, երբ նորից
տերևակալում են թևերս
և սրտիս միջից իր ցողունն է երկարում
թունավոր վառ գույներով ծաղիկն անանուն`
ես մտածում եմ, թե` էլ ե՞րբ եմ մոռանալու քեզ
և էլ որտե՞ղ եմ մոռանալու,
երբ կիսով չափ այստեղ եմ և հիշում եմ քեզ,
և կիսով չափ այնտեղ եմ և էլի հնար չկա
քեզ մոռանալու,
և չկա ուրիշ,
մի ուրիշ աշխարհ էլ հեռանալու…
* * *
Գնալով դժվարանում է քայլելը օրվա միջով,
և դու զգում ես տխրությամբ,
որ խտացող խավարի ալիքները
քիչ-քիչ քեզ սկսում են բաժանել մարդկանցից:
Ամեն ինչ արդեն կցկտուր է.
խոսակցության մի պատառ,
հեռվում մարող քայլեր,
ձեռքի թեթև շարժում, որը կարող էր
հետաքրքիր շարունակություն ունենալ,
խուսափուկ նայվածք, որն անվերջ կհիշեցնի քեզ,
որ միշտ գալիս է հրաժեշտի ժամանակը:
Գնալով դանդաղում են քայլերը`
մարող երակազարկի նման,
հիմա կմարեն վերջնականապես:
Եվ խավարի մեջ սսկված շենքերը դանդաղ
ներքև կկախեն իրենց սգավոր դրոշները`
                                                ստվերները սև…

- See more at: http://analitik.am/news/view/163616#sthash.UI8mlup4.dpuf

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել