ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ. Միլան Կունդերա. Կեցության անտանելի թեթևությունըNewmag.am-ը գրում է.

Հեղինակի կողմից հիմարություն կլիներ՝ ընթերցողին փորձել հավատացնել, որ այս կերպարները գոյություն են ունեցել իրական կյանքում: Նրանք ոչ թե մայրական արգանդից են սերել, այլ ծնունդ են առել մի քանի իմաստալից ֆրազից կամ որևէ առանցքային իրադրությունից: Թոման ծնվել է «einmal ist keinmal» ֆրազից: Թերեզան ստամոքսի ղլղլոցի ծնունդ է:

Առաջին անգամ, երբ Թերեզան հատեց Թոմայի բնակարանի շեմքը, նրա որովայնը սկսեց ղլղլալ: Պետք չէ զարմանալ. ո՛չ ճաշել էր, ո՛չ ընթրել, բավարարվել էր կեսօրից առաջ մինչև գնացք բարձրանալը կառամատույցին գնած սենդվիչով: Գլխովին տարված իր խիզախ ուղևորության գաղափարով՝ Թերեզան մոռացավ ուտել: Բայց երբ բնավ չես հոգում մարմնիդ մասին, ավելի հեշտ ես նրա զոհը դառնում: Ի՜նչ տառապանք էր Թերեզայի համար լսել, թե ինչպես է բարբառում իր որովայնն այն պահին, երբ Թոմայի հետ կանգնած էին դեմ առ դեմ: Հազիվ էր արցունքները զսպում: Բարեբախտաբար, տասը վայրկյանից Թոման նրան իր գիրկն առավ, և Թերեզան մոռացավ որովայնի ղլղլոցը:

2

Այսպիսով, Թերեզան ծնվել է մի իրադրությունից, որն անսպասելիորեն ի ցույց է դնում մարմնի և հոգու անլուծելի երկվությունը՝ մարդկային ճակատագրի հիմնարար այդ փորձը:

Մի ժամանակ մարդն ապշահար լսում էր կրծքավանդակի ներսից լսվող հավասար զարկերը և ինքն իրեն հարց տալիս, թե ինչ է դա: Նա չէր կարող իրեն նույնացնել այդքան օտար և անծանոթ մի բանի՝ մարմնի հետ: Մարմինը վանդակ էր, և ներսում ինչ-որ բան նայում էր, լսում, սարսափում, մտածում ու զարմանում. այդ ինչ-որ բանը՝ պահպանված մասունքը, մարմնից անջատված մասնիկը, հոգին էր:

Իհարկե, այսօր մարմինը դադարել է առեղծված լինել. այսօր բոլորս գիտենք, որ կրծքավանդակում տրոփող այդ բանը սիրտն է, իսկ քիթն ընդամենը մարմնից դուրս եկող խողովակի ծայրն է, որը թոքերին թթվածին է մատակարարում: Դեմքն ընդամենը այն պատկերն է, որին, ի վերջո, հանգում են ֆիզիկական տարբեր մեխանիզմներ. մարսողություն, տեսողություն, շնչառություն, ռեֆլեքսներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել