Հայերի ներգաղթը 1946-1948 թվականներին... Հայաստան ներգաղթի երկրորդ խոշոր ալիքը եղավ 1946-48 թվականներին, որն իրականացվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսական օժանդակությամբ: Հայրենադարձության գործընթացը կազմակերպելու նպատակով հանգանակություններ էին արվում սփյուռքի հայաշատ երկրներում: Ներկայացվող փաստաթուղթը 1946 թ. ՀԲԸՄ Ֆրանսիայի հանձնաժողովում տրված ներգաղթի հանգանակության «Ընկալագիր»-ն է, համաձայն որի՝ ֆրանսահայ դոկտոր Վահե Անդրանիկյանի կողմից այդ նպատակով նվիրաբերվել է 15,000 ֆրանկ:



1946 թվականին Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Հունաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից Հայաստան ներգաղթեց շուրջ 52 հազար հայ։ 1947 թվականին Հայաստանն ընդունեց 27 հազար, իսկ 1948 թվականին` 11 հազար հայրենադարձ։ Այդ ընթացքում աշխարհի 12 երկրներից հայրենադարձվեցին շուրջ 90 հազար հայեր։ Ներգաղթյալները մեծ ոգևորությամբ եկան Հայաստան, նրանց այստեղ գրկաբաց դիմավորեցին հայրենակիցները (նկարներում), բայց քանի որ Հայաստանն անկախ երկիր չէր և չէր կարող ինքնուրույն տնօրինել իր ներքին խնդիրները, ստալինյան բռնակալության օրոք հայրենադարձներից շատերը 1949-ին աքսորվեցին հեռավոր Ալթայ` «արևմտյան երկրների գործակալներ» անհիմն ու շինծու մեղադրանքով:

Ներկայումս Հայաստանն անկախ է շուրջ 24 տարի, բայց արդյո՞ք այս ընթացքում մենք կարողացանք ստեղծել այն օրինապաշտ և կենսունակ ազգային պետությունը, որը կարող էր գրավիչ դառնալ արտերկրի մեր հայրենակիցների համար՝ իրենց պատմական հայրենիքում մշտական բնակություն հաստատելու առումով: Այս հարցին, կարծում եմ, դժվար է այսօր դրական պատասխանել՝ հավելելով նաև այն, որ երկրի սոցիալական ծանր պայմանները պատճառ դարձան արդեն հայաստանցիների արտագաղթի մեծ ալիքի: Ինչևէ, հուսանք, որ մի օր ի վերջո գալու են նաև մեր երկրի լուսավոր ժամանակները, բայց մի բան հաստատ է` մեր հայրենակիցների ներհոսքի հարցը դեպի Հայաստան միշտ արդիական է լինելու մեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել