ԱՄՆ իշխանությունները Փարիզում ահաբեկչությունների շարքի հետ կապված՝ մտադիր են հասնել նրան, որ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են՝ Google-ը, Apple-ը, Microsoft-ը, հասանելիություն տրամադրեն կոդավորված էլեկտրոնային հաղորդագրություններին, որոնք փոխանակում են նրանց ծրագրերի օգտատերերը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Թերթի աղբյուրների տեղեկությամբ՝ «Սպիտակ տունը և ԱՄՆ Կոնգրեսի անդամները Սիլիկոնային հովտում ընկերությունների ղեկավարներին խնդրել են նոր բանակցություններ վարել Վաշինգտոնում՝ Փարիզում ահաբեկչությունների հետ կապված, հարթելու առկա տարաձայնությունները հաղորդագրությունների կոդավորման մեթոդների հարցում»:
Պարբերականը նշում է, որ «տվյալ քայլը վկայում է, որ ահաբեկչությունները հատուկ ուշադրություն են գրավել այն վեճերի վրա՝ արդյոք ամերիկյան ընկերությունների համար թույլատրելի՞ է գերգաղտնի հաղորդագրությունների փոխանակման ծառայությունների տրամադրումը»:
Պարբերականը հիշեցնում է, որ Վաշինգտոնի և Սիլիկոնային հովտի միջև վեճերը սկսվել են մոտ մեկուկես տարի առաջ՝ այն հանգամանքով պայմանավորված, որ Apple-ը և Google-ը նոր ծրագրեր են թողարկել սմարթֆոնների համար, որոնց միջոցով օգտատերերը կարող են կոդավորված հաղորդագրություններ փոխանակել:
Ընկերություններում նշել են, որ չեն կարող ապակոդավորել այդ նամակագրությունը նույնիսկ դատարանի որոշմամբ:
«Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարեցին, որ այդպիսի ծրագրերը կարող են դժվարացնել քրեական գործերի որոշ հետաքննություններ»,- նշում է պարբերականը:



