Panorama.am-ը գրում է.
Հեռուստատեսության աշխատակիցներն այսօր նշում են իրենց մասնագիտական տոնը:1998 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որշմամբ նոյեմբերի 21-ը հռչակել է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված կլինեն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին: Ներկայումս աշխարհում չկա այնպիսի պետություն, որը չունենա հեռուստատեսություն:
Հեռուստատեսության պատմությունն սկսվել է տասնամյակներ առաջ: Ռուսական ծագումով ամերիկացի ինժեներ Վլադիմիր Զվորիկինին 1933թ.-ին հաջողվել է ստեղծել կատոդային խողովակ, որը մինչ այժմ շատ հեռուստացույցների գլխավոր դետալն է: Նրա հայտնագործության շնորհիվ 1936 թվականից կանոնավոր հեռարձակումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ 1941 թվականից նաև ԱՄՆ-ում: Եվրոպայում, սակայն, հեռարձակումը լայն տարածում է գտնում միայն 20-րդ դարի 50-ական թվականներից:
Հայաստանի հեռուստատեսության տարեգրությունը սկսվում է 1955 թ.-ի սեպտեմբերի 5-ից, երբ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը Միության հանրապետություններում 27 ծրագրային կենտրոնների և 5 հաղորդող կայանների շինարարության մասին որոշում ընդունեց: Երևանում` Նորքի բարձրունքում սկսվեց Հայաստանի հեռուստակայանի շինարարությունը: Շուտով տեղադրվեց 180 մ բարձրության առաջին հեռուստաաշտարակը, որը 1978 թ.-ին փոխարինվեց նորով: Հայաստանի հեռուստատեսության առաջին տնօրեն Ներսես Կագրամանովի ղեկավարությամբ ստեղծվեց հանձնաժողով, որն էլ և սկսեց ընտրել հեռուստաաշխատողներին, ովքեր հետագայում պիտի զարգացնեին և ամուր հիմքերի վրա դնեին հայկական հեռուստաարվեստը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



