Araratnews.am-ը գրում է.
Հինգշաբթի Վատիկանում քարոզի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ առաջիկա Ծննդյան տոները ֆարս ու «անիմաստ իրարանցում» կլինեն, որովհետեւ աշխարհը պատերազմի մեջ է, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Independent-ին:
Նա իր խոսքում հիշատակել է ամբողջ աշխարհով մեկ բազմաթիվ անմեղ զոհերի, որոնք տուժել են ռազմական հակամարտություններից եւ կարեկցել է այն երեխաներին, որոնք հնարավորություն չունեն կրթություն ստանալու: Նա նաեւ հավելել է, որ նրանք, ովքեր պատերազմներ են հրահրում եւ ովքեր զենքի վաճառքից շահույթ են ստանում «անիծված են աստծու կողմից»:
«Ծննդյան տոներն են մոտենում: Կրակներ կլինեն, տոնակատարություններ, փայլփլուն ծառեր, Սուրբ ծննդի բեմականացումներ` այն դեպքում, երբ աշխարհը պատերազմի մեջ է»,- նշել է Վատիկանի ղեկավարն իր ելույթում:
«Այս ամենը անիմաստ իրարանցում է: Աշխարհը չի հասկացել, թե ինչպես համաձայնության մեջ ապրի: Ամբողջ աշխարհը պատերազի վիճակում է»,- հավելել է նա:
Նրա կարծիքով, այն ամենը, ինչ կմնա ներկայիս հակամարտություններից հետո, «ավերակներն են, հազարավոր անգրագետ երեխաներ, բազմաթիվ անմեղ զոհեր եւ փող զենքի առեւտրականների գրպաններում»:
Ի վերջո Հռոմի պապն ընդգծել է, որ երբեմն պատերազմի համար կարող են պատճառներ լինել, բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում աշխարհում, ոչ մի արդարացում չունի, կարծում է նա: