arresti-mafia-corleone-2Ուրբաթ առավոտյան իտալացի կարաբիներների հատուկ ստորաբաժանումները մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում հաջող գործողություն են իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է «Կոզա նոստրայի» 6 առաջնորդ, որոնք ծրագրել են Իտալիայի ՆԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոյի սպանությունը: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն:

Խոսքը Իտալիայի իրավապահ մարմինների մասշտաբային ակցիայի մասին է, որի շրջանակներում փաստացի գլխատվել է «Կոզա նոստրա»-ի ամենավտանգավոր կլաններից մեկը Կոռլեոնե քաղաքից:

Տեղի լրագրողների տեղեկությամբ՝ գործողության ընթացքում ձերբակալվել է մաֆիայի 6 առաջնորդ, այդ թվում՝ գանգստերային սինդիկատի խարիզմատիկ առաջնորդներից Ռոզարիո Լո Բուեն: Գործողության մանրամասներն ավելի ուշ կհրապարակվեն հատուկ մամլո ասուլիսի ժամանակ:

Նշվում է, որ կարաբիներներին հաջողվել է գաղտնալսել մաֆիայի մի շարք բոսերի բանակցությունները, որոնցից հետևել է, որ «Կոզա նոստրան» ծրագրել է ՆԳՆ ղեկավար Ալֆանոյի սպանությունը: Նախարարը պետք է կյանքով վճարեր մաֆիայի առաջնորդներին բանտում պահելու հատուկ պայմանների խստացման մասին որոշման համար:

«Նա (Ալֆանոն) պետք է նույն վերջաբանն ունենա, ինչ Քենեդին: Նա նույնն արեց՝ նախ բարձրացավ, իսկ հետո մոռացավ»,- մեջբերում են տեղական ԶԼՄ-ները մաֆիոզներից մեկի խոսքերը:

Մաֆիայի առաջնորդները դժգոհ են եղել նրանից, որ Ալֆանոն «մոռացել է ընկերներին»:

«Նրանք մեր շնորհիվ են բարձրացել: Ալֆանոն խոզ է: Ո՞վ է նրան ընկերների ձայները բերել»,- ասում է կլանի առաջնորդներից մեկը, որին գաղտնալսել են կարաբիներները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել