Վերջին շաբաթներին Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում բախումների հետևանքով 11 պաղեստինցի զոհվել է, ավելի քան 3 500-ը վնասվածքներ են ստացել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ կոորդինատոր Նիկոլայ Մլադենովը Անվտանգության Խորհրդի մերձավորարևելյան կարգավորման հարցերով ամենամսյա նիստում:
Նրա խոսքով՝ իսրայելական կողմից զոհվել է 6 մարդ, 36 մարդ վնասվածքներ են ստացել: Վերջին ամսում պաղեստինցիներն իրականացրել են ընդհանուր թվով 35 հարձակում իսրայելցիների վրա, այդ թվում՝ սառը զենքի և հրազենի կիրառմամբ, նաև ավտոմեքենաներով հարձակվելով հետիոտների վրա:
Մլադենովն ընդգծել է քայլերի ձեռնարկման կարևորությունը, որոնք հնարավորություն կտան «զգալիորեն բարելավել պաղեստինցիների կենսապայմանները» և առաջընթացի հասնել նրանց հողերի օկուպացիայի դադարեցման և պաղեստինյան պետության ստեղծման գործում: Նրա խոսքով՝ «դա Իսրայելի քաղաքականության զգալի փոփոխություններ կպահանջի»:



