Թուրքիայում ներքին իրավիճակը եթե մեկ բառով բնութագրելու լինեմ, ապա այն կարող եմ անվանել կատարյալ քաոս:
Ընտրություններից հետո թերևս առաջին հրապարակավ առճակատումն է եղել Էրդողանի և Դավութօղլուի միջև: Էրդողանը հանձնարարել է Դավութօղլուին ձևավորել կառավարություն՝ նշելով, որ ունի 45 օր ժամանակ, մինչդեռ Դավութօղլուն, 24 ժամը չլրացած, Էրդողանին ներկայացրել է կառավարության կազմի ցուցակը, որտեղ ընդգրկված են եղել, մեղմ ասած, Էրդողանի համակրանքը չվայելող անձիք: Մի քանի ժամ տևած հանդիպումից հետո Էրդողանը հանձնարարել է Դավութօղլուին վերանայել կառավարության կազմի ցուցակը և կրկին ներկայացնել իրեն:
Թուրքիայի հարավարևելյան շրջաններում կրկին իրավիճակը լարված է, պարետային ժամերը փոխարինվել են էլ ավելի խիստ ռեժիմով՝ ռազմական հատուկ անվտանգության գոտիներով: Որոշ խոշոր քաղաքներում խոնարհվել են Թուրքիայի դրոշները, փոխարենն ամենուր բարձրացվել է Քուրդիստանի եռագույն դրոշը: Թուրքական բանակը, որն աչքի է ընկնում իր գերժամանակակից տեխնիկայով, չի կարողանում մուտք գործել այդ բնակավայրեր և վերահսկողություն սահմանել դրանց վրա:
Թուրքիան բախվել է ևս մեկ խնդրի: Այս օրերին Թուրքիան դարձել է տարանցիկ երկիր իսլմաիստ ահաբեկիչների համար, իսկ ովքեր չեն կարողանում երկրից դուրս գալ, դառնում են պոտենցիալ վտանգ երկրի համար: Հատկանշական է, որ փարիզյան ահաբեկչություններից հետո Թուրքիայից դեպորտ արված քաղաքացիներին ոչ մի երկիր չի ընդունում: Սա ևս մեկ գլխացավանք է դառնում Թուրքիայի համար:
Այժմ Սիրիայում, բացի Ռուսաստանից, ռազմական գործողություններ են իրականացնում նաև Արևմուտքն ու Եվրոպան՝ ոտնահարելով Էրդողանի անձնական ամբիցիանները, այն է՝ Ասադին գահընկեց անել ամեն գնով:
Վերջապես Թուրքիան գտնվում է ֆինանսական լուրջ խնդիրների մեջ: Թերևս, Անկարան այս փաստի մասին ոչինչ չի ասում, բայց արդեն ԱԶԿ-ի ծրագրից ակնհայտ է դառնում, որ փողի խնդիր ունեն: Հարկային քաղաքականությունը բավականին խստացնում են, օրենքով սահմանված զեղչային համակարգը վերանայվում է, համայնքների խոշորացումով կրճատում են համայնքային բյուջեների ծախսերը, ավելացվում են տարանցիկ տրանսպորտային միջոցների վարձավճարները և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել