6701Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այս անգամ էլ տարաձայնություններ ունեն նոր կառավարություն ձևավորելու հարցում։

Նրանց միջև ծագած ճգնաժամը մասնավորապես կապված է կառավարությունում մի շարք անձանց տեղ գտնելու հետ։ Էրդողանը պնդում է, որ նոր կառավարության կազմում ընդգրկվեն Բինալի Յըլդըրըմն ու Նուրեթթին Ջանիքլին, սակայն Դավութօղլուն ցանկանում է նրանց փոխարեն տեսնել Մուսթաֆա Շենթոփին ու Սուլեյման Սոյլուին։

Բացի այդ, Դավութօղլուն ցանկանում է կառավարություն վերադարձնել նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանին, իսկ Էրդողանը նախապատվությունը տալիս է Բերաթ Ալբայրաքին։ Դավութօղլուն նաև ցանկանում է, որ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցնի Թաներ Յըլդըզը, սակայն Էրդողանը դեմ է արտահայտվում։ Տարակարծություններ կան նաև արդարադատության նախարարի պաշտոնի հարցում, որում շոշափվում են Մուսթաֆա Շենթոփի ու Բեքիր Բոզդաղի անունները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն։ Դրանից հետո թուրքական մամուլում եղան մի շարք հրապարակումներ, որոնցում կասկած էր հայտնվում, թե Դավութօղլուն է ձևավորելու Թուրքիայի նոր կառավարությունը, և որ իրականում դա անելու է հենց Էրդողանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել