13.03.2012
Մեծ պահքի 23-րդ օր:
Հոբ 38.1-39.36
<<Այդ ով է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում` կարծում է, թէ ինձնից պահում է դրանք: Տղամարդու պես պնդացրու մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխան տուր ինձ>>: Այսպես ասաց Տերը Հոբին: Հաճախ ենք մենք, հայտնվելով կյանքի տարբեր ոչ ցանկալի իրավիճակներում, սկսում մտքում դժգոհել, հոխորտալ, տրտնջալ և այլն: Սակայն թերևս չենք էլ անդրադառնում, որ <<չկա ծածուկ բան, որ չհայտնվի>>, չէ որ Աստծուն հայտնի են մեր սրտի բոլոր խորհուրդները: Աստված տեսնում մեր սրտի թե ուրախությունը, թե տրտմությունը և թե դառնությունը: Եվ այդ ամենի մեջ լավ է, որ մենք կարողանանք Աստծուն մասնակից դարձնել դրան` ոչ թե Նրան ընտրելով իբրև թիրախ մեր դժգոհության, այլ իբրև ուղեկից, բարեկամ և առաջնորդ: Չենք կարող Աստծուց թաքցնել որևէ բան. անգամ եթե մտքի ծայրով անցկացնում ենք որևէ մի չար կամ նենգ գաղափար` անկախ նրանից իրագործում ենք այն կամ ոչ, արդեն իսկ մեղանչում ենք: Աստված սիրում պարզ ու մաքուր սրտերը, որոնք կանչում են Աստծու անունը: Սա պետք է ամրորեն ամրագրենք մեր մտքի և հոգու մեջ, որովհետև գալու է պատասխան տալու ժամանակը, ինչպես նախորդ կիրակի օրվա խորհուրդն է հուշում, հաշվետվություն ներկայացնելու օրը իբրև տնտեսներ` մեր գործած արարքների համար, մեր տնտեսությունը լավ կամ վատ դարձնելու համար: Իսկ տնտեսությունը մեր նախ մեր անձերն են, մեր ընտանիքները, ողջ հասարակությունը և մեր Հայրենիքը: Հետևապես յուրաքանչյուրս ունենք պատասխանատվություն այս ամենի համար և պիտի պատասխան տանք Աստծու առջև` միշտ հիշելով նաև Տիրոջ հետևյալ խոսքը. <<Միթե մեկը պիտի կարողանա իմ դատաստանը ծռել, պիտի հանդիմանի Աստծուն ու նրա առաջ պատասխան պիտի տա>>:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել