«Հռոմը գնում է կործանման, որովհետև երգիչները դադարել են դաստիարակելուց և միայն զվարճացնում են»: Լուկիավոս
Այս երգչուհին և նրա նման` անդրեները, հասիկոները, բոլորը, կարծում և սրտանց էլ հավատում են, թե իրենք ժամանակակից`21-րդ դարի հայ էստրադային մշակույթն են կերտում և զարգացնում, նրա առաջամարտիկներն ու նվիրյալներն են: Վերջապես ինչ է եղել. երգի խոսքերը հայերեն են, գոմեշը կա, Կոմիտասի ձայնի պատառիկը հետն է, աղջկա հագուկապը ընդգծված ժամանակակից-տարազի բնույթ ունի, պարող մաճկալները լրացնում, ամբողջացնում են գոմեշին, առավել տպավորիչ են դարձնում պատկերը և այլն, և այլն, և ո՞վ կասի, թե երգը ազգայինի հետ կապ չունի, թող առաջինը ինքը քարը նետի երգը ստեղծողների, երգչուհու, պարող մաճկալ տղերքի, այս ամենը հովանավորողների, հավանողների վրա: Սակայն այստեղ, դժբախտաբար, մի փոքրիկ ԲԱՅՑ կա. այս ամենը միայն ՁԵՎԻ հարթություններում է իրական, և խորքային որևէ կերպ չի առնչվում ազգայինի բովանդակայնության, նրա բուն ԷՈՒԹՅԱՆ հետ, նրա էռզացը, շինծուն ու սուռոգատն է: Արդեն շատ վաղուց, մեզանում զուտ ձևի և ձևականության, այսինքն՝ կեղծիքի ու ստի մթնոլորտն է տիրում մշակույթի ոլորտում, ինչն աներկբայորեն լծորդվում և իր ազդեցությունն է թողնում նաև մեր հասարակական գործունեության, մարդկային հարաբերությունների բոլոր ասպարեզների վրա: Մենք վաղուց արդեն գիտակցված կամ ոչ, ապրում ենք մի հնարովի`մեզ համար սովորական, դժբախտաբար արդեն մեր էության մասը դարձած, ձևի ու ձևականությունների աշխարհում:
Մարդ մարդու էությանը համապատասխանող բոլոր ճշմարիտ արժեքները, մեր ազգային ինքնությունից բխող բոլոր գաղափարները մեզանում մոռացված, արհամարհված են և շատ շատերիս մոտ վաղուց արդեն իրենց իրական բովանդակությունից զրկված, գոյություն ունենալով միայն խեղաթյուրված ձևական հարթություններում, լոկ նրանց նմանակեղծիքներն են հանդիսանում: Այսօրվա մեր ընթացքը մի զավեշտախաղ է հիշեցնում, որտեղ բոլորս անխտիր, ԱՅՍ ՀՈԼՈՎԱԿԻ ՆՄԱՆ, իսկական, ճշմարիտ արժեքները կրողի դերեր ենք ստանձնել ու ինքնամոռաց ճամարտակություն ենք անում՝ ներքուստ զգալով կամ չզգալով անգամ վիճակի ողբերգայնությունը: Դերին համապատասխան կոկորդ ենք պատռում, թե հայ ենք, իրականում չիմանալով անգամ, թե դա ինչ է` ձև ենք անում, այսինքն` հայ չենք, քրիստոնյա ենք, բայց` չենք, ազգային կամ քաղաքական գործիչ ենք, ազգասեր ու հայրենասեր ենք, մտավորական ենք, պատգամավոր ենք, մեծ բարերար ենք, չգիտեմ էլ ինչ … ենք, սակայն իրականում` չենք, չենք ու չենք: Ձև անելը շատ ավելի դյուրին է, քան լինելը: Լինելու համար մեծ ջանքեր է պետք գործադրել, զոհողությունների է պետք գնալ, լինելու համար` «վերստին ծնվել է պետք»: «Ախպեր, ձև արա թող գնա, գլխի չեն ընկնի, ով ա հասկանալու, մոմ ա` վառում ենք էլի…»,-ասում է ներքին ձայնը: Եվ ահա այսօր մենք, ազգովի, մեզ համար ստեղծել ենք մի իրականություն, որը մի խոսքով կարելի է բնութագրել որպես ԿԱՌՆԱՎԱԼ, ՈՐԻ ՄԱՍՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ ՆԱԵՎ ԱՅՍ ԵՎ ՆՄԱՆ ԲՈԼՈՐ ՀՈԼՈՎԱԿՆԵՐԸ: