Երևի մոդայիկ է բողոքելը ու հատկապես այս կամ այն ծառայությունը մատուցող կազմակերպությունից, որովհետև մենք դեռ մատուցելը չենք յուրացրել...միայն սպառելուց ենք լավ..., բայց ինչքանով մոդայիկ է բողոքելը, այնքանով էլ մոդայիկ է հաճախորդի նյարդերի, ժամանակի ու այլ ռեսուրսների հաշվին առաջ գնալը: Մի հռետորական հարց. VivaCell-ը (ես ասում եմ VivaCell, դուք հասկացեք ցանկացած այլ ընկերություն) իր ծառայություններից օգտվողներին տեղը տեղին սպասարկե՞լ էր, հիմա էլ անցել է ԱՊՊԱ-ի՞ն ու կոմունալ վճարումների՞ն: Գնում ես ցանկացած մասնաճյուղ, վատնում 20-30 րոպե ժամանակ, եթե իհարկե, նյարդերդ ու զբաղվածությունդ թույլ են տալիս, վճարում կամ չես վճարում... Մեկ էլ հոպ գալիս է ամսվա կեսն ու անջատվում ծառայությունը... Դե արի բացատրի, որ մի քանի անգամ անհաջող փորձ ես կատարել վճարումն իրականացնելու, բայց այդպես էլ մնացել ես կես ճամփին: Կարծում եմ` ոչ առաջին, ոչ էլ վերջին մարդն եմ, ով նմանատիպ իրավիճակի է բախվել... Նստած են լավագույն դեպքում 4 աշխատող, որոնցից երկուսը ԱՊՊԱ են անում միայն, մեկն իր հավեսով վճարումներ, այլ գործարքներ է ընդունում, մյուսն էլ մի ոտքը այդտեղ է, մյուսը` դուրսը... Բայց սա լավագույն դեպքում, պատահում է, որ մի աշխատող է լինում ու 5 տասնյակին մոտ մարդ... Հիմա կասեք՝ տերմինալում վճարի դու էլ... Բայց իմ տան ու աշխատանքի ճանապարհին տերմինալ կա՞, թե դրա համար էլ ժամանակ ծախսեմ ու հասնեմ մի տերմինալի մոտ, վճարեմ` համոզված չլինելով՝ արդյո՞ք վճարումս տեղ կհասնի, առհասարակ: Ինչ եմ առաջարկում... Սահմանել առաջնահերթություններ, թող VivaCell-ը կողմնորոշվի հիմա մե՞նք, թե՞ ԱՊՊԱ-ները, մե՞նք, թե՞ կոմունալ վճարողները... Թող չընտրի մեր մեջ, այլ կարգ սահմանի, ես էլ որպես օրինապաշտ քաղաքացի հետևեմ կարգին ու չդժգոհեմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: