Անկեղծ զզվելի է տեսնել համատարած տգիտություն, ու էդ տգիտության ֆոնի վրա արտահայտված` զազրախոսություն, որ մարդիկ խառնում են առողջ քննադատության հետ: Արդեն մի քանի օր է, ինչ Սիրուշոն ներկայացրել է իր նոր «ՊրեԳոմեշ» երգը, ու անմիջապես ազգիս մի ստվար հատված, մոռացած նախատոնական գնաճը, թողած սերիալային լաց ու կոծը, կտրվելով առօրյա այլ հոգսերից, իրեն կոմիտասագետ է հռչակել, դարձել դարի ամենահմուտ երաժշտական քննադատն ու կոկորդ է պատռում հնարավոր բոլոր հարթակներում`շղարշ նետելով այն հետաքրքիր ու գեղեցիկ աշխատանքի վրա, որը կատարվել է երգչուհու ու իր թիմի կողմից: Սակայն գրառումս կոնկրետ Սիրուշոյի երգի շուրջ ծագած աղմուկի մասին չէ, այլ առհասարակ նմանատիպ այն բազմաքանակ դեպքերի մասին, երբ տարբեր երաժիշտների արած աշխատանքները հանդիպում են անգրագետ ամբոխների զուտ բնազդի մակարդակով արտահայտվող ընդվզմանը: Ես կասեմ մի բան` չկա որևէ օրենք, թե ով, երբ և ինչպես պիտի կատարի Կոմիտաս: Կոմիտասը ու մնացած մեր մեծերը յուրաքանչյուրինս են ու ոչ ոքինը չեն, էնպես որ չկա կոնկրետ մեկը, ով պիտի որոշի մյուսի փոխարեն: Ու հիշե՛ք, շա՜տ տհաճ է դիտվում այն փաստը, երբ որոշ ինքնահռչակ «մասնագետներ», ովքեր մեծամասամբ Կոմիտասի անունին ծանոթ են հիմնականում փողոցի, լավագույն դեպքում` ուսումնական հաստատության անվան տեսքով, ամպագորգոռ հայտարարություններ են անում, «իմաստուն» մտքեր երկնում` ջանալով հնարավորինս բանիմաց երևալ: Ես վստահաբար կարող եմ ասել, որ «մեծապատիվ» քննադատներից շա՜տ-շատերը անգամ չէին էլ կասկածի, որ Սիրուշոն ոգեշնչվել է Կոմիտասից, կրկնում եմ` ՈԳԵՇՆՉՎԵԼ Է, քանի որ, կներե՛ք իհարկե, բայց չեմ հավատում, որ այդքա՜ն գորգոռացողները երբևէ ծանոթ են եղել Կոմիտասի «Լոռվա գութաներգին»: Ավելին ասեմ, ձեզանից շատերը հենց Սիրուշոյի շնորհիվ բացահայտեցին այն... Սխալվո՞ւմ եմ, տա՛ Աստված, որ էդպես լինի... Բայց միևնույնն է, որքան էլ ընդվզեք, որքան էլ փորձեք ձեզ երևակայել վիրտուալ կյանքում, միևնույն է դուք այն եք, ինչ կաք, էնպես որ ավելի լավ է լռե՛ք. ի վերջո, միևնույն է, ձեր վիրտուալ զազրախոսությունն առ ոչինչ է, մնայուն է այն, ինչ իրական է... ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yasha.solomonyan/posts/458111330911648
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել