Panorama.am-ը գրում է.

Միջազգային մամուլի գլխագրերում Փարիզն ու Սիրիան են, մինչդեռ Հարավային Կովկասում անհանգստացնող գործընթացները ահազանգում են թույլ կառավարման ու պատերազմի հավանականության մասին: Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ «The National Interest» պարբերականում հրապարակված իրենց համատեղ հոդվածում գրում են Հայաստանում և Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Քորբոյը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը և Բելառուսում ու Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քենեթ Յալովիցը:

Հոդվածագիրները համոզմունք են հայտնում, որ տարածաշրջանում առկա վտանգավոր միտումների համատեքստում Արևմուտքը պետք է մեծացնի իր ազդեցությունը՝ չեզոքացնելով հավանական պատերազմը և մեծացնելով բազմակարծության վրա հիմնված քաղաքական կառավարման անհրաժեշտությունը:

«Ամենավտանգավոր մտահոգությունները կապված են Ադրբեջանի ներքին քաղաքական զարգացումների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի բռնկման հավանականության հետ: Նախորդ 18 ամիսների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար ճնշումների է ենթարկել մամուլը, խոսքի ազատությունը և մարդկանց հիմնարար իրավունքները: Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ընտրակեղծիքներով խորհրդարանական ընտրությունները իշխող կուսակցության և նրա արբանյակ ընդդիմադիրների համար ձայների ճնշող մեծամասնություն են ապահովել՝ բացառելով իրական ընդդիմության ներկայացվածությունը: Ընտրությունների ժամանակ վստահելի դիտորդություն չի իրականացվել, որքանով ԵԱՀԿ-ն ու ԵԽ-ն հետաձգեցին իրենց առաքելությունները, քանի որ նրանց Ադրբեջանը թույլ չտվեց աշխատել միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ընդդիմության առանցքային ներկայացուցիչները շարունակում են մնալ բանտարկված»,- գրում են դիվանագետները:

Վերջիններս նկատում են, որ  Ադրբեջանի պաշտոնական օղակներից մեծանում է Արևմուտքի դեմ ուղղված և ռուսամետության տարրեր ունեցող հռետորաբանությունը, քանի որ Բաքվում ԱՄՆ-ին մեղադրում են իրենց մոտ մայդան կազմակերպելու փորձերի մեջ:

«Նավթի և գազի գների անկման ֆոնին Ադրբեջանի բյուջեն ծանր հարվածների է ենթարկվում, բանկային համակարգը ճգնաժամի մեջ է՝ ռեժիմին լոյալ մարդկանց տրված կասկածելի վարկերի և արտառժույթի հետ կապված սպեկուլյացիաների պատճառով: Անվտանգության ազդեցիկ նախարարի ու նրա աշխատակիցների և հաղորդակցության նախարարի վերջին պաշտոնանակությունները խոսում են այն մասին, որ ավտոկրատ Ալիևի կլանում պառակտում է տեղի ունեցել և նա չի կարողանում վերահսկողություն սահմանել առանցքային պաշտոնյաների նկատմամբ»,- գրում են հոդվածագիրները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել