Առաջիկայում ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական մրցավազքն է, դույզն-ինչ չեմ կասկածում, որ FB-ը նույնպես դառնալու է այդ կարևոր ընտրության քարոզարշավի ամենապահանջված հարթակներից մեկը: Տարբեր հապավումներով մանր ու մեծ կուսակցությունների, տարաբնույթ տրամաչափերի անդամներ (ասեմ, որ ավելի շատ են ոգևորված փոքր տրամաչափի անդամները) աշխատելու են ապացուցել, որ իրենք ամենաշատն են անհանգստացած իրենց կուսակցության թեկնածուի կամ իրենց կուսակցության պաշտպանած թեկնածուի հաղթանակով` հետընտրական պրոցեսների ժամանակ որևէ բան փախցնելու համար: Համոզված եմ նաև, որ այդ նույն մանրպճեղ կուսակցականները ջանք ու եռանդ չեն խնայելու վիրավորել, ցեխ շպրտել, հայհոյել, անարգանքի սյունին գամել քաղաքական մյուս ճամբարում գտնվող իրենց նույնքան մանրապճեղ հակառակորդներին ու մեղադրել նրանց աստվածաշնչյան բոլոր պատվիրանները խախտելու մեջ: Տարբեր հապավումներով կուսակցությունների հարգելի անդամներ, պետք չի կուրծք ծեծել և փրփուրը բերանին, ոչնչի առջև չկանգնելով, «նպատակը արդարացնում է միջոցները» հայտնի ասույթը կյանքի և ապրելակերպի կարգախոս դարձրած մտնել քաղաքական դաշտ և սին հոխորտանքներով փորձել ամենակուսակցական երևալ: Հարգելի հայրենակիցներ, FB-ի հարգելի օգտատերեր, կոչ եմ անում տոլոռանդության և զսպվածության, քանզի Գրիգորյան օրացույցը հուշում է` 2013 թվականի փետրվարի 18-ի երկուշաբթի ոչ աշխատանքային օրվան հաջորդում է փետրվարի 19-ի երեքշաբթի աշխատանքային օրը:



