Tert.am-ը գրում է.
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին տարիներին պղնձի համաշխարհային գների անկմանը, ասում է, որ դա իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա:
«Պղնձի գների համաշխարհային անկումը, նախևառաջ, հիմնականում պայմանավորված է Չինաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմամբ, իսկ Հայաստանի համար, իհարկե, դա ունի կարևոր նշանակություն, որովհետև մեր արտահանման հիմնական առյուծի բաժինն ընկնում է գունավոր մետաղների արդյունահանումը»,- ասաց նա:
Նշենք, որ օրերս պղնձի գնի՝ վերջին հինգ տարիների ամենացածր գինն է գրանցվել՝ 1 տոննա պղինձը Լոնդոնի բորսայում կազմել է 4 հազ. 785 դոլար:
Աշոտ Եղիազարյանը նշեց, որ արդյունքում կկրճատվի արտարժույթի ներհոսքը Հայաստան, մեր արտահանման ծավալները, դա նաև իր ազդեցությունը կունենա առևտրային, վճարային հաշվեկշռի վրա և ի վերջո դա բացասաբար կանդրադառնա ազգային փոխարժեքի վրա:
Նա ասաց, որ այդ ամենը, իհարկե, ազդեցություն կունենա նաև տնտեսական աճի վրա, առավելևս, որ արդեն խնդիրներ ունենք ռուսական շուկայում: «Այսինքն՝ մեր արտահանումը մեծ հաշվով կտուժի դրանից, հանրապետություն չի գա լրացուցիչ արտարժույթ, դա նշանակում է տնտեսական աճը կդանդաղի, որովհետև պահանջարկը կփոքրանա, ինչը մյուս սեկտորների վրա ևս կանդրադառնա, Հայաստանի եկամուտները մեծ իմաստով փոքրանում են»,-ասաց նա:
Չնայած դրան՝ տնտեսագետը նկատեց, որ թեև համաշխարհային գները նվազել են, սակայն Հայաստանում հանքարդյունաբերության ծավալները գնալով ավելացել են ու այդ ամենը բնության հաշվին է տեղի ունենում:
«Մենք երկակի կորուստ ենք կրում, գների նվազումը բնականաբար նվազեցնում է մեր եկամուտները, արտահանումը և միաժամանակ ֆիզիկական ծավալների աճը նույն հանքարդյունաբերությունում սպառնում է մեր շրջակա միջավայրին և մեր հարստությունը պարզապես մսխվում է»,-ասաց նա:
Աշոտ Եղիազարյանը պարզաբանեց, որ գների նվազեցումը կոմպենսացվել են ծավալների աճով և համեմատած անցած տարվա ծավալների հետ ունեցել ենք հարաբերական կայունություն:



