Tert.am-ը գրում է.

Հայաստանյան ներքաղաքական կյանքի կարևորագույն հարցերից է սահմանադրական բարեփոխումների անցկացումը: Մեկնարկել է քարոզարշավը: Մինչ «այո»-ի կողմնակիցները շարունակում են հանրությանը ներկայացնել բարեփոխումների բուն էությունը և առավելությունները, նրանց ընդդիմախոսները խոսում են ամեն ինչից, բացի բարեփոխումների բովանդակությունից՝ հրապարակ նետելով իրականությունից հեռու «թեզեր»:

Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում ԱԺ հայտարարությունների ժամին։

Փորձելով արժեզրկել բարեփոխումների նշանակությունը՝ ընդդիմախոսներից մի քանիսը, օգտվելով հանրության որոշ հատվածի սոցիալական ոչ բարենպաստ վիճակից, նշում է, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղակիորեն չեն բարելավի յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակը:

Նման պարզունակ թեզ նետելը հրապարակ, մեղմ ասած, անհեթեթություն է, քանի որ ցանկացած երկրում, կրկնում եմ ցանկացած ժողովրդավարական երկրում սահմանադրական բարեփոխումների նպատակը համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումներն են, այլ ոչ թե բարեփոխում օրինակ երշիկի էժանացման վերաբերյալ:

Նույն տրամաբանությամբ, ինչպես սահմանադրական բարեփոխումների անցկացումը, այնպես էլ օրինակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարբեր պետությունների կողմից ուղղակիորեն չի կարող բարելավել մեր քաղաքացիների սոցիալական վիճակը: Հիմա ի՞նչ, հրաժարվե՞նք պահանջատիրությունից: 

Հարգելի գործընկերներ,

Իսկ այժմ չզլանալով` ևս մեկ անգամ նշեմ բարեփոխումների առավելություններից մի քանիսը.

Առաջին, հրաժարվելով մեծամասնական ընտրական համակարգից և ամբողջությամբ անցում կատարելով համամասնականին մեծանում է կուսակցությունների դերը, որը կհանգեցնի քաղաքական խնդիրների բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը:

Երկրորդ,  Հայաստանի քաղաքացին ուղղակիորեն իրավունք է ունենում իր ձայնը լսելի դարձնել խորհրդարանում օրենսդրական նախաձեռնություններում ներգրավվելու արդյունքում:

Երրորդ, ընդդիմության թե՛ իրավունքները, թե՛ վերահսկման մեխանիզմներն ակնհայտորեն ավելանում են, և այլևս որևէ իշխանություն չի կարողանա միայնակ որոշումներ կայացնել:

Չորրորդ, գործող Սահմանադրությամբ նախագահական ընտրություններից հետո հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, անկախ նրանից, թե նա հավաքել է ընտրողների ձայների 20, 30 թե 49 տոկոսը:

Սա բնականաբար ճանապարհ էր դեպի բախումներ: Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից ՝ ուղի  հարթելով երկխոսության, համերաշխության, հանդուրժողականության և միասնականության համար: Միգուցե ոմանց պետք են բախումներ և ցնցումներ, բայց մեզ հարկավոր են ոչ թե բախումներ, այլ հզոր և համերաշխ Հայաստան:

Այո՛, ուժեղ, ժողովրդավարական և միասնական Հայաստան:

Դրան հասնելու ճանապարհին «ոչ»-եր չկան, կա միայն «այո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել