Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի, տարբեր հեռուստասերիալներից եւ հատկապես «Մի ստիր» նախագծից հայտնի, դերասան Սամվել Դանիելյանի կինը՝ Սիրանուշ Լազյանը, ով վերջին ամիսներին ներկայացավ սիթքոմային ժանրում՝ խաղալով Հանրային հեռուստաընկերության «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում:
-Սիրանուշ, վերջին օրերին ցուցադրվում է «ATV»-ի նոր՝ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալը, որտեղ դուք հանդես եկաք առաջին սերիայում միայն, հետաքրքիր է՝ առաջիկայում, հեռուստատեսային այլ աշխատանքների պլաններ կան:
- Այո, «Վերջին հայրիկը» սերիալում շատ կարճ դերով հանդես եկա, բայց հասցրեցի այդ ժամանակահատվածում եւս մեկ հրավեր ստանալ կրկին «ATV»-ի կողմից՝ մասնակցելու «Երջանության արցունքները» մանրապատումներին, որը նույն «Կյանքի կարուսել» եւ «Մի ստիր» նախագծերի ձեւաչափով է արվում, դերասանական կազմն էլ միեւնույն նախագծերից են հավաքվել, այնպես որ, մարդկանց ծանոթ կլինի ձեւաչափը, որը կարվի նոր շնչով: Առաջարկը ստացել եմ սցենարի հեղինակից եւ պրոդյուսերից, ի դեպ, ինչպես «Վերջին հայրիկը», այս նախագծի սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է:
-Սիրանուշ , «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում ներկայացաք ընդամենը մեկ օր, բայց բավականին բարդ կերպարով, դժվար չէ՞ր կերտել Ձեր հերոսուհուն այնպես, որպեսզի մեկ սերիայում կարողանայիք փոխանցել նրա ողջ տեսակը:
- Այն իմաստով, որ ես գիտեի, թե ինչպես պետք է սկսվի իմ հերոսուհու պատմությունը, ինչպես պետք է զարգանա եւ ավարտվի, ուներ իր դրական կողմը, բայց որ մեկ սերիայում պետք է փոխանցեի այն ողջ էմոցիանեը, ապրումները, որ ուներ իմ հերոսուհին, իսկապես բարդ էր, որովհետեւ մենք՝ դերասաններս սովոր ենք, որ պետք է նկարահանման ընթացքում զարգացնենք մեր կերպարները: Պետք է ասեմ, որ ինձ շատ օգնեց սցենրիստը, ով մեկ սերիայում հավաքել էր իմ հերոսուհու ողջ ներքին աշխարհը իր լավ ու վատ կողմերով, սցենրիստը հիմնվել էր կոնկրետ հոգեբանության վրա, ինչը արդեն շատ հետաքրքիր էր դարձրել կերպարը:
-Սիրանուշ, վերջին ամիսներին Ձեզ տեսնում ենք նոր ոճում, խոսքը «Ընտանյոք հանդերձ» սիթքոմի եւ այստեղ Ձեր կերպարի մասին է:
- Այո ամբողջ ամռանը զբաղված եմ եղել այս նախագծով, որի շնորհիվ շատ բուռն ամառ ունեցանք: Սա շատ հետաքրքիր նախագիծ է, որի սցենարը նախապես գրված էր, ի դեպ, այն որպես գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել, այլ ոչ թե սերիալ: Դեռեւս չգիտեմ ամանորից հետո երկրորդ եթերաշրջան կունանա սիթքոմը, թե ոչ, բայց պետք է ասեմ, որ այս նախագիծը այսօրվա համատարած սիթքոմային իրականությունից մի փոքր տարբերվում է նախ իր դերասանական կազմով: Մեզ մոտ շեշտը դրված էր ավագ, հետեւաբար ավելի փորձառու սերնդի վրա, հետո այստեղ կար կիրթ եւ լուրջ հումոր, որը շատերի համար գուցե անհասկանալի լիներ (սա ասում եմ՝ ի պատասխան քննադատություններին), քանի որ ցավոք, մենք սովորել ենք ծիծաղել պրիմիտիվ հումորների վրա: Ինչ վերաբերվում է իմ կերպարին, պետք է ասեմ, որ ինձ համար շատ դժվար էր կերտել նրան, ես առաջին անգամ էի նկարահանվում սիթքոմում, կերպարս ինձ հետ կապ չուներ, բայց փորձեցի հնարավորինս համապատասխան կերտել նրան, ինչը, կարծում եմ, ստացվեց: Հավատացեք, այդ դերը ամբողջությամբ մարսել եմ եւ շատ ուրախ եմ, որ այնտեղ մասնակցելու հրավեր ստացա: Շատ ուրախ եմ նաեւ, որ նկարահանվել եմ այս սիթքոմում եւ խաղացել եմ հենց այդ դերասանական կազմի հետ, ովքեր պրոֆեսիոնալ բնորոշումից ավելի բարձր են:
-Հեռուստադիտողը Ձեզ սովոր է տեսնել ավելի դրամատիկ դերերում, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն էին արձագանքները հումորային կերպարի վերաբերյալ:
- Շատերը ինձ չէին ընդունում, քանի որ իսկապես սովոր են անընդհատ տեսնել դրամատիկ դերերում, բայց ես շատ ուրախ եմ, որ իմ կոլեգաների եւ մասնագետների կողմից այս կերպարի համար արժանացել եմ բավականին բարձր գնահատականի: Շատերը ինձ նոր կերպով բացահայտեցին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




