«Այո և Ոչ»-ին արդեն 4-րդ օրն եմ հետևում ու որքան ավելի շատ եմ նայում, այնքան ավելի եմ հակվում «Ոչ»-ի կողմը։ Ընդ որում, պարոդոքսալն այն է, որ իմ դիրքորոշումը փոխվում է ոչ այնքան «Ոչ»-ի կողմնակիցների բերած փաստարկներից, որքան «Այո»-ի ճամբարի ընտրած ռազմավարությունից։

«Ոչ»-ի ճամբարում ինձ համար խնդիրը հիմնական նրանում է, որ դրա ներկայացուցիչների մեծ մասը գտնվում է ինձ հոգեհարազատ գաղափարախոսական գագաթի հակադիր գագաթում։ Մյուս կողմից, պետք է հաշվի առնել, որ «Ոչ»-ի կողմնակից ընդդիմադիրներն ապրիորի շահեկան դիրքեր ունեն քարոզչական տեսանկյունից, քանի որ վատ ապրող բնակչության շրջանակում, այսպես թե այնպես, ավելի ակտուալ ու պահանջված է պրոտեստային հռետորաբանությունը, որովհետև մարդկանց մոտ գերիշխում են պրոտեստային տրամադրությունները։

Ինչ վերաբերում է «Այո»-ին, ապա, չհաշված Սաղաթելյանին, Թովմասյանին ու մի քիչ էլ Եղիազարյանին, մնացած այո-իստները բացահայտ կերպով նյարդայնացնում են, որովհետև նրանց խոսելը լսելուց ես՝ որպես ՀՀ քաղաքացի, նյարդայնանում եմ, որովհետև մոտս տպավորություն է, որ ինձ էշի տեղ են դնում։ Ընդհանրապես, այս արշավը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն այն աստիճան է սպառել իրեն, որ նույնիսկ ամենաբեզաբիդնի դեմքերն իրականում մարգինալության են տրվել ու ստիպված են խոսել այնպես, ասես կտրված են իրականությունից։

Վերջին հաշվով, «Այո»-ի քարոզչության հիմնական մեխն այն է, որ հիմա եթե ընդունենք սահմանադրությունը, ապա ավելի լավ ապրել կկարողանանք, որովհետև եղած սահմանադրությունը մեզ այդ մեխանիզմները չի տալիս, որոնցով կարելի է կարգավորել մեր կյանքը։ Ու այստեղ ես լրիվ միանում եմ «Ոչ»-ի ճամբարից հնչող հակափաստարկին. ա՛յ ախպեր, էդ մեխանիզմները կյանքի կոչողը թե՛ առաջ, թե՛ հիմա, թե՛ վաղը նույն դուք եք, էդ ի՞նչը պետք ա փոխվի, որ նույն հանրապետականներն ավելի ժողովրդասեր դառնան նոր սահմանադրությամբ, կամ էլ ի՞նչն ա հիմա նրանց խանգարում անել դա։ Այլ կերպ ասած, այստեղ հարցը նույնիսկ բարեփոխումների բովանդակության լավ կամ վատ լինելը չի, հարցն այն է, որ անձամբ ես վստահություն չունեմ այն մարդկանց ու քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր պետք է կյանքի կոչեն այդ դրույթները։

Հա, ու վերջում մեկ բան էլ։ Այս արշավի ժամանակ գնալով ավելի ու ավելի է հաճախակիանում այն թեզը, որ այս նոր սահմանադրությունը եվրոպական չափանիշներով է։ Հնչում են նաև փաստարկներ, որ այն ինչ-որ առումով նույնիսկ թելադրված է մեզ Եվրոպայի կողմից։ Ախպեր, ես երբեք չեմ թաքցրել ու հիմա էլ չեմ պատրաստվում թաքցնել, որ ես զզվում եմ այն արժեքներից ու տեսլականներից, որոնց կրողը Եվրոպան ու առհասարակ Արևմուտքն են։ Այնպես որ, որքան ավելի «եվրոպական» լինի նոր սահմանադրությունը, այնքան ավելի հակված կլինեմ դրան «Ոչ» ասելու ես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել