Zorik Galstyans picՄասնագիտությամբ ռադիոֆիզիկոս և զբաղմունքով ծրագրավորող Զորիկ Գալստյանը լուսանկարչությունն իր հոբբին է համարում: Նկարել սկսել է ուսանողական տարիներից` 80-ականների սկզբից, երբ ընկերներով պարզապես միմյանց էին նկարում: Վերջին մի քանի տարին սակայն Զորիկը լուսանկարել է գրեթե ողջ Հայաստանը:

— Շատ եք շրջում Հայաստանով, մշտապես մասնակցում եք տարբեր արշավների, ի՞նչ է տալիս դա ձեզ:

— Շաբաթվա հինգ օրը ես տանն եմ, աշխատում եմ համակարգչի առջև նստած: Մյուս երկու օրը պետք է պարտադիր համակարգչից հեռու լինեմ: Առաջին պատճառը երևի դա է: Բացի այդ, ուսանողական տարիներին արշավներ շատ եմ գնացել: Բայց ամենամեծ պատճառը երևի այն է, որ ես գյուղում եմ ծնվել` Արթիկի Մեծ Մանթաշում: Մեր գյուղը և Արագած լեռը իրարից բաժանող ուրիշ բան չկա: Միշտ էդ սարերում ենք եղել: Երևի մանկությունից եկած բան է: Դաշտերում և սարերում լինելու պահանջ ունեմ:

— Հատկապես ի՞նչ եք սիրում լուսանկարել:

— Ճիշտն ասած, մարդկանց լուսանկարելը իմը չէ: Ավելի շատ բնապատկերներ եմ նկարում: Մարդուն նկարելու համար երկու ձև կա` կամ պետք է պատահական նկարես, կամ էլ ինքը պետք է տեղյակ լինի, որ լուսանկարում ես: Առաջինը չեմ կարողանում ինձ թույլ տալ, որովհետև մարդու իրավունքի ոտնահարում եմ համարում: Մարդիկ կան, որ իրնեց տեսախցիկը հեշտությամբ ուղղում են ուղիղ մարդու վրա ու նկարում: Ես` չեմ կարողանում, մի տեսակ անհարմար եմ զգում: Երկրորդ դեպքում, երբ մարդիկ գիտեն, որ նկարում ես, կեցվածք են ընդունում: Դա էլ արհեստական է դառնում և չի ստացվում այն, ինչ դու էիր ուզում: Իսկ քարը, անտառը, սարը կեցվածք չեն ընդունում: Դրա համար էլ նրանց եմ նկարում:

— Հայաստանում կա՞ մի վայրուր ամենաշատն եք սիրում լինել և լուսանկարել:

— Արագած սարն է: Հատկապես մեր գյուղի կողմից: Մեր տան դուռը բացվում էր դեպի հարավ, դեպի լեռը, և առաջին բանը որ տեսնում էինք դուռը բացվելուն պես` Արագածն էր: Այն հատկապես մեր կողմից է գեղեցիկ: Տարեկան մի քանի անգամ պարտադիր պիտի լինեմ և նկարեմ Մանթաշի ջրամբարը: Շատ եմ սիրում գնալ Դիլիջանի արգելոց:

— Եղե՞լ եք այլ երկրներում:

— Այո, Ամերիկայում, Ֆրանսիայում, Անգլիայում: Մյուս երկներում էլ, ինչպես Հայաստանում, ամեն մի քաղաք, ամեն մի շրջան տարբեր է մյուսից: Հայաստանի նկատմամբ իմ հատուկ վերաբերմունքը պարզապես պայմանավորված է նրանով, որ այն իմն է: Թե չէ աշխարհում հրաշալի վայրեր կան, որոնցով կարելի է հիանալ, ասենք, օրինակ, Կալիֆորնիայի հոֆիտները և այլն: Պարզապես դա Ամերիկան է:

— Ճի՞շտ էոր մարդը սիրում է այն ամենը ինչը սկսում է ճանաչել: Հայաստանով մեկ շրջելն ու երկիրն ավելի լավ ճանաչելը ազդում է մարդու վերաբերմունքի վրա:

— Կարծում եմ ճիշտ է: Մեր բնակչության մեծամասնությունը կարելի է ասել Հայաստանում չի եղել: Երևանցիները մայրաքաղաքից դուրս չեն եկել: Լավագույն դեպքքում նրանց երթուղին սահմանափակվում է Սևանի մայրուղուց մինչև թերակղզի ընկած հատվածով: Շրջանների բնակիչներից էլ շատ քչերն են, որ ուրիշ շրջաններում են եղել: Եթե մարդիկ մի քիչ ավելի շատ պտտվեին, ավելի շատ տեսնեին ու ճանաչեին, գուցե երկրի զգացողությունը ավելի շատ կլիներ մարդկանց մեջ: Մեզ մոտ երկրի զգացողություն չկա. ասում ենք` արթիկցի եմ, ապարանցի եմ, ղարաբաղցի եմ, բայց Հայաստանցի լինելու զգացողություն չկա: Գովազդ ենք լսում հեռուստատեսությամբ, որ ասում է` քաղաքի լավագույն խանութներում, չի ասում հանրապետության: Հայաստանը սահմանափակվում է Երևանով: Որոշ մարդկանց համար այն կարող է սահմանափակվել ընդամենը Երևանի կենտրոնով: Երևի, որ այդ մարդիկ մի քիչ ավելի շատ շրջեին ու շփվեին միմյանց հետ, գուցե չթողնեին գնային: Երբ մարդը իր երկիրն ավելի լավ է ճանաչում, երևի այնպես չի թողնում հեռանում, ինչպես հիմա են անում: Երևանի կենտրոնից են գնում, Ապարանից են գնում, իսկ որ Հայաստանը ճանաչեին, երևի Հայաստանից չգնային:

— Եթե արտասահմանից հյուրեր ունենաքի՞նչ կցանկանաք ցույց տալ նրանց առաջին հերթին:

— Նրանց կտանեի Կավաբերդ, Խոսրովի արգելոց: Շատ տեղեր կան, ուր կարելի գնալ: Միայն թե մի խնդրի մասին անպայման ուզում եմ նշել. Հյուրերի և տեղացիների համար տարբեր գներ սահմանելը ճիշտ եմ համարում, բայց դա ամեն տեղ չէ, որ այսօր կիրառվում է մեր երկրում: Արտասահմանից եկած հյուրի համար գուցե 3000 դրամ մուտքի վճարը մեծ գումար չէ, որովհետև նա եկել է և պատրաստ է վճարելու, իսկ տեղացու համար, դա զգալի է:

— Ի՞նչն է մեզ պակասում այսօր:

— Մեզ պակասում է հանդուրժողականությունը միմյանց նկատմամբ: Եթե մեր հայկական մամուլը, կամ ֆեյսբուքի հրապարակումները կարդում ես, միայն ատելություն ես տեսնում: Ինձ էլ շատ բան կարող է դուր չգալ, բայց ամբողջ թույնը թափել միմյանց վրա չի կարելի: Հասկանալի է, որ մենք հիմա ազգովի դեպրեսիայի մեջ ենք, բայց դա խորացնում ենք մեր չարությամբ և ատելությամբ:

Գիտեք, Ես սերիալներին դեմ չեմ և երբեմն նայում եմ, բայց ինձ հատկապես ջղայնացնում են համատարած դեպրեսիվ ողբերը: Հաճույքով նայում եմ կարգին սերիալը, որովհետև մարդիկ ծիծաղացնում են, իսկ մեզ ծիծաղել ու ժպտալ է պետք:

Մեզ նաև մաքրասիրություն է պակասում: Արշավների գնալիս վայրեր կան, որ ճանապարհի երկայնքով աղբ է թափված: Երբեմն մենք ենք մաքրում, մի քանի պարկ հավաքում ենք, հնարավորության դեպքում բերում ենք Երևան: Եթե ասեմ, որ Հայաստանում աղբը շատ է` չէ: Օրինակ` Սևանի հարակից տարածքինը մաքրում են: Բայց եթե մեկ ամիս նման կերպ աշխատեն ողջ երկրով մեկ, Հայստանի ճանապարհները մաքուր կլինեին:

Ամենակարևորը` մեր պատկերացումները սիրո և հայրենասիրության մասին փոխվել են. մեզ այսօր թվում է, թե թուրքին ատելը հայրենասիրություն է, եհովայի վկային քարկոծելը` քրիստոնեություն: Պետք է պարզապես սիրել միմյանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել