Lragir.am-ը գրում է.
Երբ քաղաքականությունը փլուզված է, եւ հորիզոնում չեն նշմարվում բարենպաստ սպասումներ, ընդ որում՝ աշխարհում ոչ այնքան վատ տնտեսական իրավիճակի ֆոնին, քաղաքական իշխանությունը կառչում է բավական վիճելի սպասումներից, պատրանքներն ընդունելով որպես իրականություն:

Ռուսաստանը հայտնվել է տնտեսական ու ֆինանսական կոշտ մեկուսացման մեջ, պատժամիջոցները շարունակում են գործել, իսկ նավթի գները՝ նվազել, չնայած այն բանին, որ նավթը նշանակալի չափով կառավարելի ռեսուրս է:

Դժվար է հավատալ, որ համաշխարհային էներգետիկ իրավիճակի փոփոխությունները տեղի են ունեցել առանց քաղաքական պատվերի: Ավելին, կարծիք կա, որ Ռուսաստանի արտահանման բոլոր ռեսուրսները վերահսկողության տակ են եւ չեն կարող դուրս մնալ անհրաժեշտ կարգավորումից:

Չափազանցություն չի լինի ասել, որ Ռուսաստանը մահանում է եւ դեռեւս մակերեսին է նախկինում կուտակած ռեզերվների շնորհիվ: Պետք է հնարավորինս արագ դուրս գալ այդ իրավիճակից, եւ Իսլամական պետությունը Ռուսաստանի համար դարձավ «գտածո», եւ նա փորձում է այդ գործերին միջամտելով առնչվել Արեւմուտքի խնդիրներին, դառնալ Արեւմտյան հանրության գործընկերը:

Դա արվում է Ռուսաստանի ու նրա վասալների անվտանգության գնով, որոնք գտնվում են սպառնալիքի սպասումներում: Ինչի՞ն է ուզում հասնել Պուտինն այդ իրավիճակում, հատկապես Փարիզում ահաբեկչական ակտերից:

Իսլամական պետությունը լավ պատրաստված նախագիծ է եւ կարգավորվում է բազմաթիվ տարբերակներով, Սաուդյան Արաբիայի, նրա արբանյակների, ինչպես նաեւ Թուրքիայի ու Իսրայելի օգնությամբ: Այս պետությունները բավական հարմարավետ են իրենց զգում Մերձավոր Արեւելքում պատերազմի պայմաններում, եւ տարբեր հայտարարությունների ու հռչակագրերի միջոցով անհանգստություն ցույց տալու նրանց փորձերը կեղծ են:

ԱՄՆ-ն չի կարող այս իրավիճակը թողնել առանց վերահսկողության եւ ունի լիովին որոշակի մտադրություններ: Ընդ որում, ամերիկացիներին հաջողվեց այս խոշոր խաղին ներգրավել Արեւմտյան ողջ հանրությանը, նախեւառաջ ՆԱՏՕ-ին:

Մնում է մեկ շահագրգիռ կողմ՝ Իրանը, որն իբր պատրաստ է ընդունել ռուսների գործողությունները Սիրիայում: Սակայն Իրանը Ռուսաստանի հետ համագործակցում է բավական սահմանափակ ձեւաչափով, եւ նրա հետ դաշինքի մասին խոսք չի կարող լինել: Ռուսները բազմիցս խաբել եւ «գցել» են իրանցիներին, եւ դա արդեն բավական է Ռուսաստանի հանդեպ անվստահության ավանդույթի ձեւավորման համար: Ընդ որում, դա միայն էմոցիա չէ, այլեւ քաղաքական փորձ:

Սակայն դրանով չի սահմանափակվում Ռուսաստանի հանդեպ Իրանի վերաբերմունքի նեգատիվը: Իրանը հասկանում է, թե ինչ նպատակով են ռուսները մտել Մերձավոր Արեւելք՝ ոչ թե ինքնուրույն խաղի, այլ իրենց գործընկերությունը Արեւմուտքին պարտադրելու եւ արդյունքում պատժամիջոցները հանելու համար: Թեհրանում սա «ազնիվ խաղ» կամ վստահության արժանի խաղ չեն համարում: Ռուսաստանը, իրանցիների կարծիքով, պետք է իր գործն անի ու հեռանա:

Թուրքիայի հարցում, որի վրա որպես մերձավոր գործընկեր խաղադրույք է կատարել Ռուսաստանը, ամեն ինչ հասկանալի է: Թուրքիան գտնում է, որ ռուսների հետ կարելի է ընկերություն անել այնքան, որքան դա ձեռնտու է Թուրքիային: Թուրքիան Ռուսաստանը դիտարկում է որպես պետություն, որը գտնվում է աղետալի վիճակում եւ պետք է ենթարկվի իր ավագ գործընկերոջը՝ Թուրքիային, որը կարող է ռուսների համար ճանապարհ հարթել դեպի Արեւմտյան աշխարհ:

Իսկ ինչպե՞ս կվարվի Արեւմուտքը:

Մի քանի ամիս առաջ արեւմտյան փորձագետները հարցնում էին, թե որքանով է սպասելի Ռուսաստանի միջամտությունը սիրիական իրադարձություններին: Ընդ որում, հարցնում էին սպասումով, հասկանալով, որ այդպիսով կարող է առաջանալ բավական բարենպաստ իրավիճակ, երբ Ռուսաստանը կհայտնվի նոր «Աֆղանստանի» իրավիճակում:

Սա կարող է համարվել Արեւմուտքի քաղաքականության բարձրագույն պիլոտաժ, եւ հիմա մնում է ռուսներին հնարավորինս երկար պահել այդ իրավիճակում: Սիրիայում ռուսների ներկայության կապակցությամբ դժգոհության ռեպլիկները ընդամենը կեցվածք է: Ըստ մտահղացման, ռուսները պետք է խեղդվեն իրենց արյան մեջ:

Ռուսաստանի հարցում Արեւմուտքի համար ստեղծվել է խիստ բարենպաստ իրավիճակ, որը դիտարկվում է որպես նույնական իսլամ արմատական սպառնալիքին: Սա է Արեւմուտքի դիրքորոշումը: Նույն կերպ են վերաբերվում ռուսների վասալների ճակատագրին, այսինքն՝ ՀԱՊԿ-ի անդամներին, հատկապես նրանց, ում զինվորներին սպանում են ռուսական զենքով, հայ-ադրբեջանական սահմանին:

Փարիզում ահաբեկչական ակտերը Պուտինի համար հույս են, որ նա կներգրավվի միջազգային քաղաքականությանը, ոչ միայն իր երկիրը, այլեւ ինքը:

Ռուսներն իրենց քարոզչությունն օգտագործում են հումանիզմ ու կարեկցանք ցույց տալու համար: Իրականում ամեն ինչ լցված է ցինիզմով ու անտարբերությամբ, անհանգստություն կա միայն սեփական տուրիստական ուղեգրերի հարցում:

Ստացվում է, որ Պուտինը շահագրգռված է այս ահաբեկություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել