Lragir.am-ը գրում է.
Այսօր Թուրքիայում, Անթալիա քաղաքում բացվում է Մեծ քսանյակի վեհաժողովը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը: Շաբաթ գիշեր Փարիզում ահաբեկչություն է տեղի ունեցել, հարյուրից ավելի մարդ է մահացել, եւ Ֆրանսիայի նախագահը խոստանում է ահաբեկիչներին ջախջախիչ հարված հասցնել:

Ահաբեկչությունները հավանաբար կփոխեն քսանյակի վեհաժողովի տրամաբանությունը: Այս կապակցությամբ դժվար չէ ենթադրել, որ կոշտ հարց է դրվելու՝ կամ աշխարհի, կամ ահաբեկիչների կողքին: Այդ ընտրությունն ամենադժվարը լինելու է Թուրքիայի եւ Ռուսաստանի համար:

G20-ի վեհաժողովն անցնելու է Թուրքիայում, որը կարող է նոր միջազգային քաղաքականության էպիկենտրոն դառնալ: Սիրիական ճգնաժամը, չնայած բռնության աճին, հանգուցալուծման է գնում: Վերլուծաբանները նշում են, որ շուտով հնարավոր է որոշում կայացվի: Հարցն այն չէ, թե կմնա Ասադը, թե ոչ, այլ այն, թե արդյոք Սիրիան կմնա իր ներկայիս սահմաններում:

Եթե Սիրիայի բաժանման մասին որոշում կայացվի, դա կլինի լրջագուն տրանսֆորմացիաների սկիզբը, որոնք նախեւառաջ կվերաբերեն Թուրքիային, եւ հնարավոր է, Հարավային Կովկասին: Նախօրեին Թուրքիայի արտաքին հետախուզության ղեկավարը կոչ է արել համակերպվել Իսլամական պետության գոյության հետ եւ կապեր հաստատել նրա հետ:

Փորձագետներն արդեն խոսում են, որ Փարիզի ահաբեկչությունը կազատի Արեւմուտքի ձեռքերը, եւ կոշտ միջոցառումներ կձեռնարկվեն: Խոսքը ոչ միայն հազարավոր մարդկանց հայրենադարձության, այլ նաեւ ահաբեկչությանը բացահայտ աջակցող ու Արեւմուտքը թշնամի հայտարարող պետությունների նկատմամբ քաղաքականության կոշտացման մասին է:

Ռուսաստանը նույնպես պետք է որոշի, թե որ կողմում է: Վերջին ժամանակներս Կրեմլը Արեւմուտքի հետ կոշտ առճակատման քաղաքականություն է վարում՝ ՆԱՏՕ-ն թիվ մեկ հակառակորդ անվանելով: Ավելին, արեւմտյան ՀՀՊ ամրապնդմանն ի պատասխան Պուտինը հայտարարել է նոր հարվածային միջոցների ստեղծման մասին, որոնք կխոցեն ցանկացած ՀՀՊ:

Էրդողանն ու Պուտինն արդեն հայտարարություններ են տարածել Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ, սակայն կորոշե՞ն իրենց տեղն աշխարհում, այսինքն՝ բարիկադի ո՞ր կողմում են լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել