Tert.am-ը գրում է.
Սահմանադրական փոփոխությունների իրապատման «հյուսիս» ուղղության քարոզարշավը այսօր շարունակում է իր աշխատանքներն Արագածոտնի մարզում։
Մասնակիցները նախ անդրադարձան երեկ Ֆրանսիայում իրականացված ահաբեկչությանը և իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնեցին ֆրանսիայի ժողովրդին, նրանք նաև մոմավառություն են կատարել Ապարանում:
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադարձավ սահմանադրական փոփոխություններում նախատեսված անվտանգության հարցերին: Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահը 1995 թվականից սկսած զորքերի գլխավոր հրամանատարն է եղել, իսկ նախատեսված փոփոխությամբ զինված ուժերն անցնում են կառավարության պատասխանատվության ներքո, ինչը, ըստ նրա, չի խարխլի երկրի անվտանգությունը, հատկապես, որ Հայաստանը գտնվում է կիսապատերազմական վիճակում:
«Զինված ուժերը գտնվելու են կառավարության ենթակայության տակ, ղեկավարը լինում է պաշտպանության նախարարը, իսկ պատերազմական իրավիճակներում արդեն վարչապետն է դառնում որպես գերագույն գլխավոր հրամանատար: Այդ դեպքում վարչապետը՝ տնօրինելով, տիրապետելով բոլոր ռեսուրսներին, էլի իր գործը կատարելու է այնպես ինչպես կատարելու էր տվյալ իրավիճակում ՀՀ նախագահը»,- ասաց նա և նշեց, որ շահարկումը, որ փոփոխությունները խարխլելու են անվտանգությունը, իրականության հետ առնչություն չունեն:
«Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանն էլ հիմնավորեց, թե ինչու մարդիկ պետք է ոչ քվեարկեն սահմանադրական փոփոխությունների: «Առաջին հերթին պետք է ոչ քվեարկենք, որովհետև այն անբարենպաստ վիճակը, որը ստեղծվել է այսօր Հայաստանի Հանրապետությունում, դա նույն իշխանության մեղքով է և նույն իշխանությունները, որ ցանկանում են փոփոխություններ առաջ քաշել, համոզված եմ, որ մեկ օրում չի փոխվելու»,-ասաց նա:
Նա նկատեց, որ իշխանությունները անկախ սահմանադրությունից ստեղծել են բիզնեսի համար այնպիսի անբավարար պայմաններ, հարկային այնպիսի վատ ու ծանր դաշտ, որ բիզնեսմենները չեն ցանկանում ներդրումներ կատարել այստեղ, ընդհակառակը՝ բիզնեսներն արդեն փակվել են:
«Ո՞րն է ձեր երաշխիքը, որ քվեարկեք «այո» հանրապետականի այս հերթական առաջարկին: Երբ ասում են այո քվեարկեք, դուք երաշխիքներ ուզեք, իրենք այդ երաշխիքները չեն կարող տալ»,-ասաց նա։
Անդրադառնալով ցուցակներին՝ նա ասաց, որ իշխանությունները ֆիքսել են 2,5 միլիոն ընտրող: «Ինչպե՞ս կարող է Հայաստանում այդքան ընտրող լինել, եթե այդքան քաղաքացիներ չկան: Եթե այս մարդիկ լավ բան են ուզում անել, ինչու են սկսել մեզ խաբելով, ցուցակները ուռճացնելով»,– ասաց նա՝ ավելացնելով, որ «ոչ»-ը տալիս է մի հնարավորություն՝ 2018 թվականին իշխանությունները չեն կարողանում վերարտադրվել։



