Lragir.am-ը գրում է.
Կիրակնօրյա նոթեր

Փարիզյան ողբերգությունը միայն ցավակցության զգացում չի հարուցել։ Հայտնվեցին տարբեր երկրների քաղաքացիներ, որոնք ակնարկեցին, թե սա Եվրոպայի/Արևմուտքի արդարացի պատիժն է արաբական աշխարհն իրար խառնելու համար։

Արդեն մի քանի պատերազմ է իրար վրա «բարդվել» Մերձավոր Արևելքում, ու շատերը մոռացել են, որ 1991-ին Իրաքը «առանց մեծ արյունի կառավարող Սադամ Հուսեյնը որոշեց գրավել ու գրավեց անկախ պետություն Քուվեյթը։ Դա ամերիկյան միջամտության, Ծոցի պատերազմի պատճառ դարձավ։

Ավելի վաղ, 1980-ին Սադամը պատերազմ էր սկսել Իրանի դեմ, որը տևեց 8 տարի, որևէ տարածքային կամ այլ առավելություն չբերեց կողմերին, բացի կես միլիոն զոհից, այդ թվում երկու կողմի հայ քաղաքացիներ։

Ավելի մոլեգին է չարախնդությունը, Ռուսաստանում, թե ալ-Քաիդան, որը մեղադրվում է ԻՊ-ի հետ համագործակցության համար, Աֆղանստանում ստեղծվել է ամերիկյան հատուկ ծառայությունների աջակցությամբ։ Հավանաբար այդպես էլ կա։ Բայց Աֆղանստանում ալ-Քաիդայի նման զինված խմբավորումներ առաջացան, երբ սովետական դեսանտը (1979) ներխուժեց Քաբուլ և սպանեց երկրի ընտրված/գործող նախագահին։

Առանձին թեմա է այն, որ Իսլամական պետություն խմբավորումը դատապարտված է ասիմետրիկ պատերազմի, որի միջոցներից մեկը ահաբեկությունն է. եթե չկա ընդհանուր սահման ռազմական հարվածին պատասխանելու համար, ճամփա են ընկնում մահապարտները։ Բայց ԻՊ-ը այլադավանների, համամարդկային մշակութային արժեքների հանդեպ ծայրահեղ դաժանությամբ իրեն դուրս է դրել օրենքից, և որևէ արդարացման չի կարող արժանանալ։

Խանդ է առաջացրել նաև փարիզյան ահաբեկությունների զոհերի առթիվ սուգը, որ տարածվում է Ֆրանսիայի սահմաններից շատ հեռու. բա թե ինչու՞ ռուսական ինքնաթիռի կործանման առթիվ նման արձագանք չեղավ։

Չէր կարող լինել մի պարզ պատճառով. Կրեմլն ինքը ամեն կերպ դիմադրում էր ահաբեկության վարկածին։ Իսկ տեխնիկական պատճառներով վթարի ու չարամիտ գործողության հետևանքով զոհերի հանդեպ արձագանքը բնականորեն տարբեր է։ Ինչպես որ տարբեր է վերաբերմունքը, եթե որևէ պետության խորհրդարանի փոխխոսնակ հայտարարել է, որ պետք է վառել Փարիզն ու այնպես ռմբակոծել Բեռլինը, որ քարը քարի վրա չմնա, և նրան ոչ ոք նույնիսկ դիտողոթյուն չի արել։ Խոսքը ռուսական TV-ների քաղաքական շոուների գերաստղ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական օգտագործման խելագար Վլադիմիր Ժիրինովսկու մասին է, որը... Պետդումայում 56 պատգամավոր ունեցող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահն է:

Եվ, վերջապես։ Կարեկցանքը, վիշտը, ի տարբերություն շքերթների ու հոտնկայս ծափահարությունների, ինքնաբուխ է, չի կարելի «կազմակերպել»։ Եթե սգո ժամ է, պետք չէ չարախնդալ կամ խանդել, այլ պարզապես սգալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել